Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հետ սահմաններին զորավարժություններ են անցկացնում. օրվա ամփոփում

Այսօր թշնամու գնդակից զոհվել է ժամկետային զինծառայող. ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի հրամանատարական կազմը ստիպված է լինելու պատասխանատվություն կրել կատարվածի համար: Ադրբեջանը և Թուրքիան զորավարժություններ են սկսել Հայաստանի սահմաններին մոտ: ԼՂ-ում մեկ զինվոր ինքնասպանության փորձ է արել:

  • Թշնամու գնդակից զոհվել է զինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը: Իսկ ԼՂ ՊԲ զորամասերից մեկում զինծառայող Հրաչ Խլղաթյանին կախված են գտել: Նա մի քանի օր կոմայում գտնվելուց հետո ուշքի է եկել, սակայն բժիշկները նրան դեռևս թույլ չեն տալիս խոսել: Զինծառայողի մահացության դեպք է գրանցվել նաև ավտովթարի հետևանքով. կարճատև արձակուրդից հետո զորամաս ուղևորվելու ճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է զինծառայող Աղաբեկ Միրզոյանը. մեքենան վարելիս է եղել նրա հայրը:
  • «Ցուրտ պայմաններում զորավարժություններ անցկացնելը ադրբեջանական կողմի համար անհրաժեշտ է, քանի որ ձմեռային եղանակներին մարտի փորձը նրանց համար վատ է ավարտվել»,- անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի մոտ` ադրբեջանական կողմի կազամակերպած զորավարժություններին, ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
  • Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագիրը: Օրինակ, Ադրբեջանը խոսում է 250 մարտական ինքնաթիռների մասին, երբ պայմանագրով նախատեսված է 100-ը:
  • «Այստեղ շատ անելիք կա սպայական կազմի պատրաստման առումով: Մենք պետք է ավելի հրապուրիչ դարձնենք նաև սպայի մասնագիտությունը և ռազմական ինստիտուտի դիմումների մեջ կարողանանք ընտրություն կատարել»,- անդրադառնալով սպայական կազմին` ասել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
  • Թուրքական զինված ուժերը զորավարժություններ են սկսել Կարս գավառում, հայ-թուրքական սահմանի մոտ: Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ է  հետևում  զորավարժությունների:
  • Ոչ մարտական պայմաններում բանակում մահացած զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել նախագահականի դիմաց` պահանջելով բացահայտել սպանությունները և պատժել մեղավորներին:
  • Արմեն Իսրայելյանը եկել է այն եզրակացությանը, որ Իրանի միջուկային խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Իսրայելի մտադրություններն, համենայն դեպս, մոտ ապագայում իրատեսական չեն:

Միջազգային լուրերը հայկական մամուլում

  • Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ Թուրքիան մինչև 2015թ-ին ԱՄՆ-ից 100 հատ F-35 տիպի կործանիչ կգնի` վճարելով16 մլրդ դոլլար. Յունաքանչյուր F-35-ի արժեքը 160 մլն դոլլար է:
  • ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Յումա քաղաքում, զորավարժության ժամանակ ուղղաթիռ է վայր ընկել, որի հետևանքով ծովային հետևակի 7 զինվորական է մահացել:
  • ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Թուրքիայի հետ` սիրիական ճգնաժամին ռազմական միջամտության նախապատրաստվելու ուղղությամբ: Նման տեղեկություն են տարածել իսրայելական լրատվամիջոցները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *