Հայ զինվորի սպանությունից հետո հայ երգիչները բոյկոտում են «Եվրատեսիլ 2012»-ը

Փետրվարի 23-ին, Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը: Եվ սա այն պարագայում, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միջնորդ երկրները բազմիցս կոչ են արել հակամարտող կողմերին հետ քաշել դիպուկահարներին շփման գծից:

Հայկական կողմը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է այդ քայլին: Ադրբեջանը, ինչպես տեսնում ենք, ոչ միայն չի ընդունում այդ առաջարկը, այլև ցանկացած առիթ օգտագործում է հայի արյուն հեղելու համար: Այս պարագայում մենք, ներքոստորագրյալներս, հրապարակավ հայտարարում ենք, որ լրջագույն վերապահում ունենք` կապված Բավքում կայանալիք Եվրատեսիլին Հայաստանի մասնակցության հետ:

Հայաստանի երգիչները տարիներ շարունակ մասնակցել են Եվրոպական հեռարձակողների միության կազմակերպած «Եվրատեսիլ» երգի բոլոր, այդ թվում` նաև մանկական մրցույթներին:
Սակայն այս տարվա «Եվրատեսիլ-2012»-ն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացնելու հեռանկարը հարուցեց շատ երկրների հասարակական կազմակերպությունների, քաղաքական գործիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների սուր քննադատությունն ու դժգոհությունը:

Մենք հայտարարում ենք, որ հրաժարվում ենք մասնակցել Բաքվում անցկացվող մրցույթին:
Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով ու կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի, մի երկրում, ուր մուտքն արգելված է ազգությամբ հայ որևէ մեկի համար, եթե նույնիսկ նա այլ երկրի քաղաքացի է, ինչին ականատես ենք լինում գրեթե յուրաքանչյուր ամիս:

Որքան էլ ադրբեջանական իշխանություններն ասեն, թե իբր երաշխավորում են մասնակիցների անվտանգությունը, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ 2004 թ-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ Բուդապեշտի հյուրանոցում գիշերը ադրբեջանցի մարդասապան սպայի ձեռքով անկողնում քնած պահին կացնահարված Գուրգեն Մարգարյանի ճակատագրին կարող է արժանանալ ազգությամբ հայ յուրաքանչյուր երգիչ կամ պատվիրակության որևէ անդամ:

Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մինգեչաուրում և Մարաղայում կազմակերպեց զանգվածային ջարդեր և կոտորածներ, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր: Մի երկրում, որը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա, փորձեց բռնի ուժով հայաթափել Ղարաբաղը և մեր քույրերին ու եղբայրներին դուրս մղել իրենց պատմական հայրենիքից: Արցախի մեր քույրերի և եղբայրների հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ նրանց զինված ուժերը դուրս մղվեցին Արցախից, սակայն այսօր էլ շարունակում են հայերին կոտորելու սպառնալիքները: Եվ այդ ամենը կատարվում է նախագահի և իշխանության տարբեր մարմինների մակարդակով, որոնք տարիներ շարունակ իրենց քաղաքացիներին դաստիարակում են ռևանշիզմի և հայատյացության ոգով:

Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հրաժարվել այդ երկիր մասնակից ուղարկելուց և միաժամանակ հայտարարում, որ մենք այժմ էլ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլ-2012»-ին, եթե Եվրոպական հեռարձակողների միությունը որոշի մրցույթը տեղափոխել ցանկացած այլ երկիր, որտեղ կտիրի համերաշխության և հավասար մրցակցության այն մթնոլորտը, ինչն առկա էր անցած տարի Հայաստանում անցկացված մանկական «Եվրատեսիլի» օրերին, որին, ի դեպ, չմասնակցեց Ադրբեջանը: Հայտնում ենք նաև, որ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլի» բոլոր հետագա մրցույթներին:

Հայկո
Էմմի
Նունե Եսայան
Արթուր Գրիգորյան
Նադեժդա Սարգսյան
և այլն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *