Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ժանին Հեննիս Փլանշերտը նոյեմբերի 21-ին խորհրդարանին ներկայացրել է 4 միավոր ամերիկյան արտադրության MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր գնելու վերաբերյալ հայց։
Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, MQ-9 Reaper-ները խորհրդարանի հաստատումից հետո պետք է որ տրամադրվեն 2016-ից, իսկ 2017-ին դրանք պետք է շահագործման հանձնվեն։
«Ջեյնսի» տվյալներով՝ Նիդեռլանդների համար նախատեեսված MQ-9 Reaper-ները սպառազինություն չեն կրելու, սակայն համաձայն Նիդեռլանդների պաշտպանության նախարարի՝ այս հանգամանքն «ապագայում կարելի է շտկել արդիականացման շնորհիվ»։
Նշենք, որ Նիդեռլանդներն արդեն իսկ ունեն Raven ու ScanEagle ԱԹՍ-ներ, իսկ MQ-9 Reaper-ի ձեռքբերումն իրականացվելու է պետության որդեգրած ռազմավարական ծրագրի շրջանակներում։
Նիդեռլանդները MQ-9 Reaper ԱԹՍ-ն կօգտագործի հավանաբար ցամաքային զորքերի համար հետախուզական գործողություններում, նաև քաղաքացիական նպատակներով, բնական աղետներից տուժած տեղանքների մշտադիտարկման համար։
Հավելենք, որ MQ-9 Reaper-ը հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարք է, որն արտադրվում է «General Atomics Aeronautical Systems» ընկերության կողմից հիմնականում ԱՄՆ ՌՕՈւ, ԱՄՆ ՌԾՈւ, Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ զորամիավորումների համար։ Առաջին թռիչքը կատարել է դեռևս 2001-ի փետրվարին։ Զանգվածային շահագործումը մեկնարկել է 2007-ից։
MQ-9 Reaper-ի երկարությունը 11 մ է, զանգվածը՝ 2223 կգ, թևի բացվածքը՝ 20 մ, առավելագույն արագությունը 400 կմ/ժ է, կրեյսերային արագությունը՝ 160 կմ/ժ, թռիչքի առավելագույն ժամաքանակը՝ 24 ժամ, թռիչքի հեռավորությունը՝ 5920 կմ։