«Ազերիգազ»-ն աշխատանքից հեռացնում է Արցախյան պատերազմի վետերաններին

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) արտադրական միավորումներից մեկը՝ «Ազերիգազ»-ը, ճնշում է գործադրում Արցախյան պատերազմի հաշմանդամ վետերանների վրա՝ հող նախապատրաստելով նրանց աշխատանքից հեռացնելու համար:

«Ազերիգազ» արտադրական միավորման գրասենյակը

«Ազերիգազ» արտադրական միավորման գրասենյակը

Ինչպես հաղորդում է ադրբեջանական virtualaz.org լրատվակայքը, ընկերության Նասիմիի շրջանի մասնաճյուղում աշխատող վետերանները վկայել են՝ իրենք տարվա ընթացքում թվով չորրորդ բուժզննումն են անցել: Համաձայն վերջին բուժզննման տվյալների՝ իրենց առողջական վիճակը չի ներում կատարել այնպիսի ծանրության աշխատանք, ինչպիսին հանձնարարում է ղեկավարությունը:

Այնուհանդերձ, «Ազերիգազ»-ի ղեկավարությունը ոչ մի կերպ չի արձագանքում այս հանգամանքին՝ հարկադրելով հաշմանդամ վետերաններին աշխատել սահմանված աշխատանքային ժամից ավել: Վետերաններից մեկի խոսքերով՝ իրենց վրա ճնշումներ են գործադրվում, ցանկացած դժգոհողի ուղարկում են հեռացման դիմում գրելու:

«Ազերիգազ»-ն այս պահի դրությամբ պաշտոնապես չի արձագանքել ստեղծված իրավիճակին: Virtualaz.org-ն էլ իր հերթին չի նշում դժգոհող վետերանների անուններն, ու թե քանի հոգի են նրանք ընդհանուր առմամբ:

Հավելենք, որ «Ազերիգազ»-ը ստեղծվել է մի քանի ձեռնարկությունների միավորման արդյունքում 2009-ի հուլիսի 1-ին՝ նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով: Այն հիմնականում զբաղվում է գազի մշակմամբ ու տարածմամբ, գազով բնակչության ապահովմամբ:

Նկատենք, որ 2012-ից սկսած՝ SOCAR-ի մասը կազմող ձեռնարկություններում կրճատումներ են ընթանում: Դրանց հետևանքով աշխատակիցները թիվը կրճատվել է՝ հասնելով 66.234-ի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *