ՊԲ-ում քննարկել են ձմեռային զորակոչի խնդիրները

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2013թ. գարնանային զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2014թ. ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը։

Խորհրդակցությանը ներկա էին ՊԲ բարձրաստիճան սպայակազմը, Արցախի կառավարության անդամներ, ուժային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:

Խորհրդակցությունը բացել և ներածական խոսքով հանդես է եկել Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Նախարարի ներածական խոսքին հաջորդել է հանրապետության գլխավոր զինկոմ, գնդապետ Մխիթար Ավշարյանի զեկույցը, որում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ընթացիկ տարվա գարնանային զորակոչի արդյունքները, շեշտվել արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, իսկ այնուհետև ներկայացվել է գալիք տարվա ձմեռային զորակոչի նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների համալիրը: Հանրապետության զինկոմը ներկաներին նաև հավաստիացրել է, որ ձմեռային զորակոչի նախապատրաստական գործընթացների լիարժեք կատարման արդյունքում՝ այսօր առկա են բոլոր նախապայմանները զինված ուժերի հերթական համալրումը հաջողությամբ իրականացնելու համար:

Նախորդ և սպասվող զորակոչին վերաբերող հարցերի շրջանակն էր ընդգրկում նաև ՊԲ կազմզորահավաքային բաժնի պետ, գնդապետ Գրիգորի Գասպարյանի զեկույցը: Բավարար գնահատելով գարնանային զորակոչի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները՝ ելույթ ունեցողը խորհրդակցության մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց նաև զորամասերում և ստորաբաժանումներում՝ նոր համալրման ընդունման ուղղությամբ իրականացված ու իրականացվող գործընթացների ընդհանուր վիճակը:
Օրակարգային հարցերի շուրջ հանդես եկան նաև Արցախի առողջապահության նախարարի տեղակալ Կարեն Ղուկասյանը և Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը:

Զեկույցներից ու ելույթներից հետո ներկաների համար ցուցադրվել է «Երիտասարդ համալրման գործընթացի կազմակերպումը պաշտպանության բանակում» վերտառությամբ տեսաֆիլմը: Այնուհետև ներկայացվել է Արցախի պաշտպանության բանակի «2013թ. գարնանային զորակոչի արդյունքների մասին» հրամանը, համաձայն որի նախորդ զորակոչի նախապատրաստման և կազմակերպման ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողներ ու քաղաքացիական գերատեսչությունների աշխատակիցներ արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով և հուշանվերներով:

Խորհրդակցությունն ավարտվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի ամփոփիչ խոսքով: Օրակարգային հարցերի շուրջ իր նկատառումները ներկայացնելով խորհրդակցության մասնակիցներին՝ հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը մեկ անգամ ևս ներկաների ուշադրությունն է հրավիրել նախատեսվող գործընթացների ճիշտ և անթերի կազմակերպման վրա և դրանց կատարման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *