Ադրբեջանի պաշտպանության նախարարն անդրադարձել է Գաբալայի խնդրին

Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար, ԶՈւ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը նոյեմբերի 20-ին մեկնել էր Մոսկվա։ Նոյեմբերի 21-ին նա հանդիպում է ունեցել ՌԴ-ի իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ՝ խոսելով Գաբալայի ՌՏԿ-ի հարցի շուրջ։

Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայան-0

Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նստաշրջանի շրջանակներում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ Զաքիր Հասանովն ասել է. «Ես իրազեկված եմ, որ Գաբալայի ՌՏԿ-ի հանձնումն ադրբեջանական կողմին գրեթե ավարտվել է։ Կարելի է ասել՝ բոլոր ընթացիկ հարցերը որոշված են»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։

Սերգեյ Շոյգուն շնորհավորել է հոկտեմբերի 22-ին պաշտպանության նախարար նշանակված Զաքիր Հասանովին` մաղթելով հաջող պաշտոնավարում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալթայ Մեհդիևը հոկտեմբերի սկզբին հայտարարել էր՝ կայանի տարածքում այլևս ռուս զինծառայողներ չկան, նրանց իրենց ընտանիքների հետ միասին լքել են Գաբալան, և ՌՏԿ-ն ամբողջությամբ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության ներքո է։

«Գաբալա ՌՏԿ-ի կարգավիճակի, օգտագործման պայմանների ու սկզբունքների վերաբերյալ Ադրբեջանի ու ՌԴ կառավարությունների միջև համաձայնագիրը» կնքվել է 2002-ին։ Սկսած 2012-ի դեկտեմբերի 10-ից՝ ՌԴ-ն դադարեցրել է կայանի շահագործումը, քանի որ Ադրբեջանը պահանջել է չափից դուրս մեծ գումար վարձակալության դիմաց. նախկինում 14 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն՝ 300 մլն դոլար։

Գաբալայի ՌՏԿ-ն գործարկվել է 1985-ին, իսկ շինարարությունը սկսվել էր դեռևս 1976-ին։ Կայանը նախատեսված է Ասիայից և Հնդկական օվկիանոսի ավազանից արձակվող բալիստիկ հրթիռները հայտնաբերելու, ինչպես նաև հարավային հատվածի տիեզերական օբյեկտներին հետևելու համար: Կայանը հնարավորություն ունի հայտնաբերելու 300-ից 7200 կմ հեռավորության վրա թիրախները:

ԽՍՀՄ փլուզումից հետո ՌՏԿ-ն գործում էր առանց իրավաբանական ձևակերպումների, և Ադրբեջանն անընդհատ պահանջում էր վճարել կայանի վարձակալության դիմաց՝ հակառակ դեպքում սպառնալով դադարեցնել դրա շահագործումը:

Հավելենք, որ Գաբալա ՌՏԿ-ի փոխարեն ՌԴ-ն ցանկանում է կիրառել Կրասնոդարի շրջանի Արմավիր քաղաքի «Վորոնեժ» տիպի ռադիոտեղորոշման կայանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *