Ամերիկյան հայտնի դերասան և պրոդյուսեր Սթիվեն Սիգալը որոշել է մասնակցել 2014 թվականի հունվարին Լաս Վեգասում կայանալիք «Գան շոու» (Gun Show) ցուցահանդեսին։ Այցելության ընթացքում դերասանը նախատեսել է մասնակցել «Կալաշնիկով» կոնցերնի զենքի գովազդի նկարահանումներին։
Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Կալաշնիկով» կոնցերնի գլխավոր տնօրեն Կոնստանտին Բուսիգինին։
«Սիգալի հետ նախնական պայմանավորվածություն կա, քանի որ հենց ինքն է ցանկություն հայտնել այցելել մեր ցուցահանդեսը ռուսական զենքը գովազդելու համար։ Սակայն դեռևս հստակ համաձայնագիր ստորագրված չէ դերասանի հետ, և հավանական պայմանագրի պայմանները դեռևս չեն քննարկվել»,-նշել է կոնցերնի տնօրենը։
Բուսիգինի հավաստմամբ՝ եթե նույնիսկ Սիգալը Լաս Վեգասում գովազդի ռուսական զենքը, այդ գովազդը չի վերաբերվի կոնցերնի թողարկած դիպուկահար հրացաններին, քանի որ դերասանը նմանատիպ պայմանագիր ունի արտասահմանյան այլ արտադրողի հետ։
Նշենք, որ «Կալաշնիկով» կոնցերնը ստեղծվել է Իժևսկի «Իժմաշ» ձեռնարկության և «Իժևսկի մեխանիկական գործարանի» հիմքի վրա։ Կոնցերնը համարվում է ռուսական ամենամեծ արտադրողը մարտական ինքնաձիգների և դիպուկահար զենքերի, կառավարվող արկերի, ինչպես նաև որսորդական զենքերի, սպորտային դիպուկահարների բնագավառում։