Իսրայելը փորձարկել է «Դավթի պարսատիկ» ՀՀՊ համակարգը

Իսրայելի պաշտպանության նախարարությունն օրերս «Դավթի պարսատիկ» (David’s Sling) հակահրթիռային պաշտպանության համակարգի փորձարկումներ է կատարել։ Համակարգը նախատեսված է միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ որսալու համար։

Դավթի պարսատիկ

Դավթի պարսատիկ

Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, նախագծի շրջանակներում անցկացված թվով երկրորդ փորձարկումները հաջող արդյունքներ են գրանցել։
«Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ Իսրայելի ՊՆ-ն նախատեսում է «Դավթի պարսատիկ» ՀՀՊ համակարգը ԶՈւ շահագործմանը հանձնել արդեն 2014-ին՝ հիմնելով դրա սերիական արտադրությունը։

Նշենք, որ «Դավթի պարսատիկ»-ն ունակ է որսալ 70-300 կմ հեռավորության վրա բալիստիկ հրթիռներ, մեկ այլ տեղեկությամբ՝ 40-200 կմ հեռավորության վրա։
Հիշեցնենք, որ Իրայելն այս նոր համակարգի առաջին փորձարկումներն անցկացրել է 2012-ի նոյեմբերին։ Ողջ համակարգը կրում է «Կախարդական փայտիկ» անվանումը, գործարկվում է ԱՄՆ-ի հետ համատեղ։ Նախատեսված է հիմնականում Լիբանանի ու Սիրիայի տարածքից արձակվելիք հրթիռներ որսալու համար։
«Դավթի պարսատիկը» իսրայելական Rafael և ամերիկյան Raytheon ընկերությունների համատեղ արտադրանք է։

Նկատենք, որ դեռևս հուլիսի սկզբին «Լը Բուրժե» ավիացուցահանդեսի ժամանակ ներկայացվել էր «Դավթի պարսատիկ»-ը, որն Իսրայելի հակահրթիռային պաշտպանության եռաստիճան համակարգի բաղկացուցիչ մասերից երկրորդն է։ «Երկաթե գմբեթ» (Iron Dome) համակարգը, որը նախատեսված է փոքր հեռահարության՝ մինչև 70 կմ հրթիռների համար, եռաստիճան հակահրթիռային պաշտպանության առաջին բաղադրիչն է է։

Իսրայելի ՀՀՊ երրորդ բաղադրիչը «Էրոու» (Arrow) համակարգն է՝ նախատեսված 400-2000 կմ հեռահարության բալիստիկ հրթիռների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *