Նոր իտալական անօդաչու թռչող սարքն առաջին թռիչքն է կատարել

Իտալական Piaggio Aero ընկերությունը ստեղծել ու փորձարկում է մեծ բարձրության վրա թռիչք կատարող P.1HH HammerHead անօդաչու թռչող սարքը։ Առաջին թռիչքը կայացել էր նոյեմբերի 14-ին և լավ արդյունքներ էր գրանցել։

P.1HH HammerHead անօդաչու թռչող սարք

P.1HH HammerHead անօդաչու թռչող սարք

Ինչպես հաղորդում է Defense News ռազմական լրատվակայքը, ԱԹՍ-ն առաջին թռիչքը կատարել է Իտալիայի ՌՕՈւ «Տրապանի» ավիաբազայից։ Թռիչքի տևողությունը 12 րոպե էր։ ԱԹՍ-ն կարողացել է բացել մինչև 314 կմ/ժ արագություն՝ բարձրանալով 609 մ։

Նշենք, որ ԱԹՍ-ն ստեղծվել է P.180 Avanti II ISR հետախուզական ինքնաթիռի հիմքի վրա։ Կոնստրուկտորների տվյալներով՝ HammerHead-ն ունակ է թռիչքներ կատարել մինչև 13.7 հազար մետր բարձրության վրա 16 ժամ տևողությամբ։ ԱԹՍ-ն ստացել է փոքր-ինչ խոշորացված կմախք և բարձր ամրության թևեր։

Այն նախատեսված է ցանկացած տիպի լանդշաֆտում հետախուզության, շրջադիտման, ռադիոէլեկտրոնային հետախուզության, ազդանշանների վերահաղորդման, ՌԷՊ-ի համար։

HammerHead-ի մնացած մարտավարատեխնիկական տվյալները չեն հաղորդվում։

Հավելենք, որ սարքի ստեղծման աշխատանքները տևել են շուրջ երկու տարի, ընթացել են իսպանական Selex ընկերության հետ համատեղ։ Ոչ պաշտոնական աղբյուրներից կա տեղեկություն, որ այս ԱԹՍ-ն կարող է տարբեր տիպի սպառազինություն կրել՝ մինչև 500 կգ զանգվածով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *