Սերժ Սարգսյանն Ավստրիայի նախագահի հետ քննարկել է արցախյան հիմնախնդիրը

Ավստրիայում աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Հայնց Ֆիշերի հետ, ում հետ քննարկվել է տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցեր։

Անդրադարձ է եղել նաև արցախյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացին և այդ համատեքստում Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանը և Հայնց Ֆիշերը գոհունակությամբ են արձանագրել, որ քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ ունեցող երկու բարեկամ երկրների միջև ձևավորված առևտրատնտեսական համագործակցությունը, մշակութային, կրթական կապերը զարգացման ներուժ ունեն: Այդ ներուժի լիարժեք օգտագործման համար զրուցակիցները կարևորել են տարբեր մակարդակի փոխայցելությունները, գործարարների միջև ակտիվ շփումներն ու գործարար համաժողովների անցկացումը, ինչպես նաև հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է անցյալ տարի կայացած Ավստրիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան, որը, նրա խոսքով, մեծ խթան հանդիսացավ երկու երկրների և ժողովուրդների բարեկամության հետագա խորացման ու ամրապնդման համար:

Հանդիպման ավարտին Նախագահ Հայնց Ֆիշերը վերահաստատել է 2014թ. Ավստրիա այցելելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հրավերը, որը ՀՀ Նախագահը սիրով ընդունել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *