Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ԶՈւ-ն սպառազինության տեղական արտադրող Nimr ընկերության հետ կնքել է թեթև զրահամեքենաների ձեռքբերման պայմանագիր։ Պայմանագրի արժեքը կազմում է 820 մլն ԱՄՆ դոլար։
Ինչպես հաղորդում է DefenseNews պարբերականը, ըստ պայմանագրի՝ զրահատեխնիկան տրամադրվելու է ԶՈւ-ին առաջիկա 5 տարիների ընթացքում։ Խմբաքանակը չի հստակեցվում։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄԷ ԶՈւ-ն հայտարարել էր 1000 միավոր զրահամեքենա գնելու մտադրության մասին։
Հիշեցնենք, որ ներկա դրությամբ ԱՄԷ-ում արդեն շահագործվում են մոտ 1.3 հազար միավոր Nimr-ի արտադրության բազմանպատակային զրահամեքենա։ Դրանցից 800-ը կիրառվում է ԶՈւ-ում, 500-ը՝ պետության ղեկավարի անվտանգության ծառայության կողմից։
Նկատենք, որ Nimr արտադրության զրահատեխնիկան նոր նմուշ է, անցյալում զինվորականներն այն չեն կիրառել։
Nimr-ի զրահամեքենան ստեղծվել է 2005-ին։ Սկզբնական շրջանում դրա արտադրմանը մասնակցում էր ռուսական «ԳԱԶ» ընկերությունը, սակայն որոշ ժամանակ անց դուրս է եկել նախագծից։ Սկզբում զրահամեքենան պատրաստում էին Հորդանանում։
Որոշ ժամանակ անց սերիական արտադրությունը հիմնեցին ԱՄԷ-ում:
Հավելենք, որ նոր զրահամեքենան օժտված է STANAG 4569 տիպի զրահապատմամբ և 2a ստանդարտի հակաականային պաշտպանվածությամբ: Ստեղծված է Nimr II բազմանպատակային զրահամեքենայի հիմքի վրա: Զանգվածը 14 տոննա է, առավելագույն արագությունը՝ 135 կմ/ժ, զրահը պահում է մինչև 7.62 մմ տրամաչափի փամփուշտի հարվածը: Ունի պաշտպանվածություն ռադիացիոն վարակման, քիմիական ու կենսաբանական զենքի դեմ: