Իրանը ներկայացրել է իր նոր խոշոր հարվածային անօդաչու թռչող սարքը

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հոսսեյն Դեհքանը նոյեմբերի 18-ին ներկայացրել է նոր մարտավարական «Ֆոթրոս» (Fotros) անօդաչու թռչող սարքը։ Համաձայն լուսանկարների՝ իրանական ԱԹՍ-ն արտաքինով հիշեցնում է ամերիկյան MQ-9 Reaper-ը։

«Ֆոթրոս» (Fotros) անօդաչու թռչող սարք

«Ֆոթրոս» (Fotros) անօդաչու թռչող սարք

Ինչպես հաղորդում է իրանական «Թանսիմ» գործակալությունը, նախարարը ներկաներին հավաստիացրել է, որ նոր ԱԹՍ-ն «իր տեսակի մեջ ամենախոշորն է, որ երբևէ արտադրել է Իրանը»։

Նոր ԱԹՍ-ն ներկայացվեց Iran Aircraft Manufacturing Industries ձեռնարկության տարածքում։ Նոյեմբերի 18 ընտրվել էր ԱԹՍ-ն ներկայացնելու օր, քանի որ Իրանում այդ օրը  տոնում են Սուսանհերդ քաղաքի ազատագրումն Իրաքից։

Ըստ իրանական «Ֆարս» լրատվական գործակալության՝ նախարարը միայն մի քանի տեղեկություն է հաղորդել ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական տվյալներից. օդում կարող է մնալ մինչև 16-30 ժամ, աշխատել՝ ավելի քան 2 հազար կմ հեռավորության վրա, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 8 կմ։ «Ֆոթրոս» ԱԹՍ-ն կարելի է օգտագործել թե´ քաղաքացիական, թե´ ռազմական նպատակներով։ Ռազմական ոլորտում այն հնարավոր է կիրառել նաև որպես հակաօդային պաշտպանության համակարգի գործողությունների մշակման օդային ուղղորդիչ։

Նախարարը շեշտել է, որ ԱԹՍ-ն կարող է հետախուզություն իրականացնել ու կրելով իր վրա հրթիռներ՝ օդային հարվածներ հասցնել վերգետնյա թիրախներին։ Դրա մասին են վկայում լուսանկարում երևացող կախովի սպառազինության համար պիլոնները, որոնք տեղադրված են թևերից անմիջապես ներքև։

Նա հավելել է՝ մտադիր են այն օգտագործել Իրանի ծովային ու ցամաքային սահմանների, նավթագազային հանքերի հսկման, ինչպես նաև բնական աղետների հետո տեղանքի մշտադիտարկման նպատակներով։

Այլ մանրամասներ ներկա դրությամբ հայտնի չեն։

Նկատենք, որ Իրանը պարբերաբար լուրեր է տարածում սեփական արտադրության սպառազինության, հատկապես՝ ԱԹՍ-ների արտադրության մասին, այդ թվում՝ քարոզչական նպատակներով։

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամեդ Ալի Ջաֆարլին ներկա էր եղել իրանական արտադրության «Շահեդ 129» հարվածային ԱԹՍ-ի շնորհանդեսին: Իրանում վկայում են՝ անօդաչուն ունակ է օդում մնալ շուրջ 24 ժամ, կառավարվում է մինչև 1700 կմ հեռավորության վրա։ «Շահեդ 129»-ն իրանական արտադրության հարվածային միակ ԱԹՍ-ն չէ: 2010 թվականին Իրանի ԶՈԻ-ն համալրեց նաև «Քարար» անվանումը կրող անօդաչուն:

2013-ի մայիսին Իրանի ՊՆ-ն ներկայացրել էր «Էպիք» անունը կրող ԱԹՍ-ն, որը, ըստ ստեղծողների, անտեսանելի է ՌՏԿ-ների համար։ Իսկ ապրիլին Իրանի ՊՆ-ն ներկայացրել էր ԱԹՍ-ների միանգամից 3 նոր մոդելներ։

Քանի որ Իրանի ռազմարդյունաբերության ոլորտը փակ համակարգ է, միակ աղբյուրը պաշտոնապես հաղորդված տվյալներն են ու հրապարակված լուսանկարները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *