Թուրքիայի և Հունաստանի զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնելու Թուրքիայի ջրային տարածքում, որին մասնակցելու են նաև ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներ և դիտորդներ 9 երկրներից։
Նուսրեթ-2013 (Nusret-2013) զորավարժությունը մեկնարկելու է նոյեմբերի 22-ին և շարունակվելու է մինչ դեկտեմբերի 1-ը։ Այն անցկացվելու է Էգեյան ծովում, որտեղ Թուրքիան և Հունաստանը տարածքային վեճեր ունեն։
ՆԱՏՕ-ից զորավարժությանը մասնակցելու են 2 ականազերծող նավ, 1 հրամանատարական նավ, Հունաստանից՝ 1 ականազերծող նավ, Թուրքիայից՝ 4 ականազերծող նավ, 3 ական հայտնաբերող նավ, 1 հրամանատարական նավ, 2 կատեր, ինչպես նաև ստորջրյա պաշտպանության ստորաբաժանումը (SAS) և Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ։
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ Նուսրեթ-2013 զորավարժության նպատակն է մասնակիցների միջև ականների օգտագործմամբ ծովային մարտ նախապատրաստելու և վարելու հմտությունների կատարելագործումը, համագործակցության խորացումը։
Նշենք, որ Հունաստանն ու Թուրքիան տարածքային վեճեր ունեն Էգեյան ծովի մի շարք կղզիների հարցով։ Աթենքի և Անկարայի հարաբերությունները վերջին մի քանի տասնամյակներին մշտապես լարված բնույթ են կրել, ինչը մեծապես կապված է նաև Կիպրոսի խնդրի, Թուրքիայում հույն համայնքի դեմ ճնշումների քաղաքականության հետ։
Թուրքիան 1974 թվականին բռնազավթել է Կիպրոս կղզու հյուսիսային հատվածը և այն պահում է օկուպացիայի տակ մինչ օրս։