Դամասկոսում պայթյուն է գրանցվել. 31 զոհերը զինվորականներ են

Դամասկոսում նոյեմբերի 17-ին կառավարական նստավայրի մոտ պայթյունի հետևանքով մահացել է 31 հոգի։ Նախնական տվյալներով՝ նրանք բոլորը զինվորականներ էին, իսկ չորսը՝ գեներալներ։

Ինչպես հաղորդում է BBC News լրատվական գործակալությունը, հղում կատարելով Syrian Observatory for Human Rights կազմակերպությանը, պայթուցիկ սարքերը նախապես տեղադրվել էին պահեստում։ Եթե հաստատվի այս վարկածը, ապա կնշանակի՝ պայթյունի կազմակերպիչները կարողացել են կառույց ներթափանցել։

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Դամասկոսի վահանը» սիրիական զինյալների խմբավորումը։

Պաշտոնական աղբյուրները դեռևս մանրամասներ չեն հաղորդում։

Նշենք, որ վերջին օրերին զինյալները հատկապես ակտիվ էին Լիբանանի հետ սահմանամերձ Քարա քաղաքում, որտեղ մարտական գործողություններ են ընթանում։ Արդեն երկրորդ օրն է, ինչ քաղաքը ենթարկվում է կրակային հարձակումների զինյալների կողմից։

Հիշեցնենք, որ սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 120 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *