Սեյրան Օհանյանն այցելել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ

Նոյեմբերի 18-ին Ուսանողների համաշխարհային օրվա կապակցությամբ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ այցելեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան զինվորականներ, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, ժամկետային զինծառայողներ:

Պաշտպանության նախարարը ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց ինստիտուտի տարածքում, ներկա գտնվեց մարզադահլիճներում կազմակերպված ցուցադրական պարապմունքներին, եղավ ինստիտուտի պատմության թանգարանում, համապատասխան գրառում կատարեց այցելուների մատյանում:

Այնուհետև ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար` ռեկտոր Վահրամ Առաքելյանը նշեց, որ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի սաները, ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ այսօր հաջողությամբ շարունակում են ծառայել զինված ուժերում: Նա նաև ընդգծեց, որ ինստիտուտի առաջատար դասախոսները պարբերաբար մասնակցում են նախնական զինվորական պատրաստության նորարարական մշակումներին, ռազմաուսումնական հաստատությունների դիմորդների ընտրությանը, ԶՈւ տարբեր ստորաբաժանումներում ֆիզիկական պատրաստության որակավորման բարձրացմանը, ժամկետային զինծառայության անցնողների մասնագիտական կողմնորոշմանը:

Իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով ներկաներին Ուսանողների համաշխարհային օրվա կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ուսումնադաստիարակչական համակարգում նախնական զինվորական պատրաստության և մնացած բոլոր առարկաների դասավանդման հետ մեկտեղ մեծ դեր ունի նաև ֆիզիկական կուլտուրան: «Ֆիզիկապես առողջ, ուժեղ անձնավորությունների համար ամեն ինչ շատ ավելի դյուրին է ստացվում: Կա մի սկզբունք, որը բոլորի համար հոգեհարազատ է բանակում: Դա առողջ մարմնում առողջ ոգի հասկացությունն է»,- իր խոսքում մասնավորապես նշեց պաշտպանության նախարարը:

Սեյրան Օհանյանը խոսեց նաև ՀՀ զինված ուժերի բարեփոխումների, մարտական հերթապահության առանձնահատկությունների, ՀՀ զինված ուժերի խաղաղապահ գործունեության, բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինված ուժերի համալրման գործընթացի, ինչպես նաև զինված ուժերի առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, պատասխանեց պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հարցերին:

Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ինչպես նաև Ուսանողների համաշխարհային օրվա կապակցությամբ «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Գերատեսչական մեդալներով, պատվոգրերով ու արժեքավոր նվերներով պարգևատրվեցին նաև մի խումբ ուսանողներ:

Այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը նաև ծաղկեպսակ դրեց Արցախյան պատերազմի տարիներին զոհված շուրջ երեք տասնյակ ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *