Տանզանիան թարմացրել է J-7 կործանիչների պարկը

Տանզանիայի ռազմաօդային ուժերն արդիականացրել են կործանիչների պարկը։ Այդ երկրի սպառազինության կազմում եղել են 12 միավոր հին J-7 ինքնաթիռ, որոնք փոխարինվել են չինական արտադրության նոր 14 միավոր J-7TN կործանիչներով։Այնուամենայնիվ, պարկի թարմացման մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվել։ Այս մասին տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

J-7, Պակիստանի ԶՈւ

J-7, Պակիստանի ԶՈւ

Ներկայումս Տանզանիայի սպառազինության կազմում են 12 միավոր մեկտեղանի J-7 կործանիչները, որոնք ռազմաօդային ուժերում ստացել են F-7TN անունը։ Բացի այդ, զինվորականներն ունեն նաև 2 միավոր երկտեղանի F-7N ինքնաթիռներ։

Նշենք, որ 14 միավոր մարտական ինքնաթիռները գնվել են դեռ 2009 թվականին, իսկ դրանց փոխանցումն ավարտվել է 2011 թվականին։ Թե ինչու է ինքնաթիռների օպերատիվ պատրաստության մասին հրապարակվել միայն 2013 թվականին, դեռևս չի հստակեցվում։

Նոր կործանիչները փոխանցվել են «Դար-էս-Սալաամ» և «Մվանզա» ավիաբազաներին։

Այս մարտական ինքնաթիռների առանձնահատկությունն այն է, որ դրանց վրա տեղադրված են չինական արտադրության KLJ-6E Falcon իմպուլսիվ-դոպլերային ռադարով կրակի կառավարման համակարգեր։ Ընդհանրապես արտահանման տարբերակներում չինական J-7-ի վրա տեղադրվում են ֆրանսիական Selex Galileo Grifo 7 ռադարներ։

Տեղեկացնենք, որ J-7 կործանիչները խորհրդային ՄիԳ-21 ինքնաթիռների արդիականացված և փոփոխված տարբերակն է։
Ինքնաթիռի առավելագույն արագությունը 2.2 հազար կմ/ժ է։ Սպառազինված է 2 հատ 30 մմ տրամաչափի թնդանոթներով, ինչպես նաև ունի 5 կախոց սպառազինության համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *