Ռուսական «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» կոնցեռնը ավարտել է Ռուսաստանի զինված ուժերին «Կրասուխա-4» ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցների տրամադրումը։
ՌԴ ԶՈւ-ն համակարգերը պատվիրել է 2013-ի ընթացքում, սակայն չի նշվում, թե կոնկրետ քանի միավոր է պատվիրված եղել։
«Կրասուխա-4» համակարգերը նախատեսված են ռադարների ու ճառագայթման եղանակով աշխատող այլ միջոցների ռադիոալիքներում խանգարումներ ստեղծելու համար, ինչի արդյունքում հակառակորդի ռադիոտեղորոշման կայանների աշխատանքում ի հայտ են գալիս խափանումներ:
Դրանով իսկ համակարգը կարողանում է ցամաքային տարածքի հարյուրավոր կիլոմետրանոց հատվածներ «ծածկել» հակառակորդի հետախուզական, հետախուզա-մարտական ինքնաթիռների, ԱԹՍ-ների ու այլ միջոցների ռադիոտեղորոշման կայանների դիտարկումից։ Համակարգը կարողանում է ճնշել նաև հակառակորդի թռչող սարքերի կապի ու նավիգացիոն համակարգերի ազդանշանները։
8×8 ընթացամասով ԲԱԶ կամ ԿամԱԶ ավտոմեքենաների շասսիի վրա տեղադրված «Կրասուխա» համակարգերը նախագծվում են 2009-ից, իսկ 2010-ին սկսվել են դրանց փորձարկումներն ու փորձնական խմբաքանակների տրամադրումը զինված ուժերին։
Արտադրող ընկերության համաձայն՝ նրանք համակարգերի մատակարարումը ավարտել են ժամանակից շուտ ու ներկայումս պատրաստվում են հաջորդ տարիների մատակարարումներին։ Հնարավոր է նաև, որ կայանները արտահանվեն։