Լեհաստանի զինված ուժերը նոր անօդաչու թռչող սարքեր են ստացել

Լեհական WB Electronics Group ընկերությունն ավարտել է Լեհաստանի ՊՆ-ին Fly Eye անօդաչու թռչող սարքերի տրամադրման գործընթացը։ Տրամադրված 12 ԱԹՍ-ներից 9-ը շահագործվելու են հատուկ նշանակության զորքերում, իսկ մյուս 3-ը՝ ցամաքային զորքերի հրետանային ստորաբաժանումներում։

Fly Eye անօդաչու թռչող սարք

Fly Eye անօդաչու թռչող սարք

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, Լեհաստանին Fly Eye ԱԹՍ-ներ տրամադրելու պայմանագիրը կնքվել է 2013-ի փետրվարին։

Պայմանագրի արժեքը կազմել է 7.6 մլն ԱՄՆ դոլար։

Դեռևս 2010-ին WB Electronics Group ընկերության հետ Լեհաստանի ՊՆ-ն կնքել էր 1.92 մլն դոլարի պայմանագիր, որը ենթադրում էր 2 միավոր Fly Eye ԱԹՍ-ի տրամադրում։ Դրանք նախատեսված էին Լեհաստանի հատուկ նշանակության զորքերի Nil խմբավորման համար։

Նկատենք, որ 2012-ին հայտնի էր դարձել՝ Լեհաստանը հրաժարվել էր իսրայելական  Aeronautics Defense Systems ընկերությունից ԱԹՍ-ների մեծ խմբաքանակ գնել։ Պատճառն իսրայելական կողմի թերացումներն էին։ Իսրայելը, ըստ 2010-ին կնքած 32 մլն դոլար արժողությամբ պայմանագրի, պարտավորվում էր ԱԹՍ-ներն ուղարկել Աֆղանստան՝ օդից հետախուզության համար կիրառելու, սակայն շուրջ 2 տարի ուշացրել էր գործարքի պայմանների իրականացումը։ Դա հանգեցրել էր նրան, որ Լեհաստանը խզել էր պայմանագիրը և պահանջել վճարած գումարի վերադարձը։

Հավելենք, որ Լեհաստանի սպառազինության գործող ծրագիրը ենթադրում է ավելի քան 50 միավոր անօդաչու թռչող սարք։ Դրանք պետք է տրամադրվեն զինված ուժերին մինչև 2022-ը։

Fly Eye ԱԹՍ-ի երկարությունը 1.9 մ է, թևի բացվածքը՝ 3.6 մ, ունակ է բացել մինչև 170 կմ/ժ արագություն, կատարել թռիչքներ մինչև 4000 մ բարձրության վրա՝ օդում մնալով մինչև 2 ժամ։ Սարքը ձեռքով բաց թողնելու միջոցով է օդ բարձրանում, ունի էլեկտրական շարժիչ։ Թռիչքի հեռավորությունը կազմում է շուրջ 200 կմ, իսկ տեսանկարահանումները փոխանցում է առցանց մինչև 30 կմ հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *