Վիկրամադիտիա ավիակիրը վերջապես փոխանցվեց Հնդկաստանին (վիդեո)

Ռուսաստանը հոկտեմբերի 16-ին Հնդկաստանին փոխանցեց «Վիկրամադիտիա» ավիակիրը։ Ավիակրից իջեցրել են ռուսական դրոշն ու բարձրացրել հնդկականը։ Իսկ նավի նոր հրամանատարի կինը կոկոսով հարվածել է նավին, ինչպես արևմտյան երկրներում ընդունված է շնորհավորել՝ շամպայնի շիշը կոտրելով։

Վիկրամադիտիա ավիակիրը

Վիկրամադիտիա ավիակիրը

Առաջիկայում նավը կճանապարհվի ծառայության վայր։ Նշենք, որ սա Հնդկաստանի ռազմածովային ուժերի երկրորդ ավիակիրն է, այս պահին շահագործվում է բրիտանական թեթև տեսակի «Հերմես» ավիակրի հիմքի վրա ստեղծված «Վիրաաթ» նավը։

Հիշեցնենք, որ 2004 թվականին ՌԴ-ն ու Հնդկաստանը կնքել էին «Ադմիրալ Գորշկով» նավի արդիականացված տարբերակի վաճառքի մասին պայմանագիր։ Ըստ դրա՝ ՌԴ-ն 750 մլն ամերիկյան դոլարով պետք է արդիականացներ ավիակիրն ու այն հանձներ Հնդկաստանին։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նավը պատվիրատուին պիտի հասներ 2008 թվականին, սակայն մի քանի անգամ այն հետաձգվել էր։

«Վիկրամադիտիան» «Ադմիրալ Գորշկով» նավի արդիականացված տարբերակն է։ Թեթև ավիակիր նավ է, նախատեսված է մոտ 14-16 ՄիԳ-29 ինքնաթիռ և մինչև 10 միավոր Կա-28, Կա-31 տիպի ուղղաթիռներ տեղափոխելու համար։

Նավի փորձարկումները սկսվել են դեռ 2008 թվականից, երբ առաջին անգամ դուրս բերվեց ծով և բազում տեխնիկական թերությունների պատճառով նորից վերանորոգման տարվեց։ 2012 թվականի հունիսի 8-ին ընթացիկ փորձարկումներ եղել են Սպիտակ, այնուհետև Բարենցի ծովերում։ Սակայն նավը նորից իրեն չի արդարացրել ու տարվել է վերանորոգման։

Ամիսներ առաջ ռուսական աղբյուրները հավաստիացնում էին, որ նավը իր վերջնական փորձարկումներն անցնում է 2013 թվականի հուլիսի 3-ից։
Հետաքրքիր է, որ նավի հանձնումը հետաձգվել էր մինչև 2012 թվականի դեկտեմբերի 4-ը, սակայն վերջին փորձարկումներից հետո ժամկետը վերանայվել է՝ հասնելով 2013 թվականը։

Նավի հանձման ուշացման հետ փոփոխվել է նաև 2004 թվականին կնքված պայմանագրի նախնական գինը։ Այն հիմա գնահատվում է 2.3 մլրդ ամերիկյան դոլար։

http://www.youtube.com/watch?v=EKOn6CjKRXA

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *