Սաֆար Աբիևը կոչ է անում հանգիստ թողնել իրեն

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևը պաշտոնանկությունից հետո առաջին անգամ մեկնաբանություն է տվել լրատվամիջոցներին։ Նա սպառնացել է միջոցներ ձեռնարկել իր վարկանիշը խեղաթյուրել փորձողների դեմ։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև

AzVision.az լրատվակայքին տված հարցազրույցում նախկին նախարարը վկայել է, որ իր անվան շուրջ օրերս տարբեր «բամբասանքներ» են պտտվում, որոնք խեղաթյուրում են «իր կերպարի ճիշտ ընկալումը հասարակության մեջ»։

Սաֆար Աբիևը սպառնացել է՝ եթե իրեն հանգիստ չթողնեն ու չդադարեցնեն իր մասին «ստահոդ լուրեր տարածելը», ապա ինքը համապատասխան միջոցների կդիմի։

Հավանաբար, Աբիևը նկատի ուներ ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլիի պնդումները իր 65 մլն եվրո հունգարական կասկածելի հաշվեհամարի պատմությունը ստուգելու առնչությամբ։

Բացի այդ, վերջին օրերին ադրբեջանական մի շարք լրատվակայքեր, այդ թվում իշխանամետ milli.az գործակալությունը, տեղեկացրել էին՝ Զարիֆա Ալիևայի անվան կենտրոնական փողոցներից մեկը փակ է, քանի որ քանդում են «պատմական շինությանը կից նոր, չորսհարկանի կառույցը, որը պատկանում է Սաֆար Աբիևին»։ Հաղորդվում էր, որ կառույցը ստեղծվել է հենց պաշտպանության նախարարության շինարարության վարչության ջանքերով։

Տեղեկությունը մատուցվում էր նորանշանակ նախարար Զաքիր Հասանովի կողմից իրագործվող «բարեփոխումների» համատեքստում։ Սակայն պաշտոնական հաստատումներ այս լուրերը չէին ստացել։

Այնուհանդերձ, Սաֆար Աբիևի անորոշ պատասխանից կարելի է եզրակացնել՝ նա անուղղակի կերպով հերքում է, որ կառույցն իրեն էր պատկանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *