Առաջին Osprey կոնվերտոպլանը կդառնա թանգարանային նմուշ

Առաջին Osprey (Օսփրի) կոնվերտոպլանը կդառնա թանգարանային նմուշ՝ 10-ից ավել տարի փորձարկումների համար ծառայելուց հետո։ Այն հանվելու է ծառայությունից և տրամադրվելու է Ռայթ Փեթերսոն ավիաբազայի թանգարանին։

 

Ամերիկյան V-22 Osprey կոնվերտոպլանը «ինքնաթիռային» (պտուտակները հորիզոնական) դիրքով

Ամերիկյան V-22 Osprey կոնվերտոպլանը «ինքնաթիռային» (պտուտակները հորիզոնական) դիրքով

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների խոսքերով՝ «21» կողային համարը կրող կոնվերտոպլանն իր հուսալիությամբ չէր զիջում մյուս օրինակներին, սակայն որոշակի տարբերություններ ուներ այս տիպի մյուս սարքերից, ուստի որոշվել է այն հանել փորձարկումներից և տրամադրել թանգարանին։ Մասնավորապես, տարբերությունները կապված էին պահեստամասերի հետ, որոնք ներկայում սերիական արտադրությունում չեն։

Առաջին Osprey-ն ԱՄՆ ՌՕՈւ-ին էր հանձնվել 2003 թվականին։ Այն հիմնականում ծառայել է որպես փորձնական մեքենա, ինչպես նաև նրա վրա փորձարկվում էին այլ սարքեր, այդ թվում՝ ռադիոտեղորոշիչ կայաններ, կապի սարքավորումներ և այլն։ Այն ընդհանուր առմամբ շուրջ 1800 ժամ թռիչք է կատարել։

Կոնվերտոպլանը օդաչուավոր թռչող սարք է, որի պտուտակները շրջվող են ու կարող են հորիզոնական դիրքից անցնել ուղղահայաց դիրքի և հակառակը։ Դրա շնորհիվ կոնվերտոպլանը օդ է բարձրանում ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական թռիչքով։

 

V-22 Osprey կոնվերտոպլանը «ուղղաթիռային» (պտուտակները ուղղահայաց դիրքում) ռեժիմում

V-22 Osprey ամերիկյան կոնվերտոպլանը ներկայում միակն է, որ սերիական արտադրության է։ Այն նախագծվել է շուրջ 30 տարի, իսկ սպառազինության վերցվել է 2005-ին։ Կոնվերտոպլանի անձնակազմը 3 կամ 4 մարդ է՝ կախված արդիականացումից, կարող է տեղափոխել մինչև 24 դեսանտային։

 

V-22 Osprey կոնվերտոպլանը «ուղղաթիռայինից» «ինքանթիռային» ռեժիմի անցնելիս

«Դատարկ» զանգվածը 15 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 24-26 տոննա։ 2 շարժիչների ընդհանուր հզորությունը 12.300 ձիաուժ է, ինչի շնորհիվ կոնվերտոպլանը «ուղղաթիռային» ռեժիմում զարգացնում է մինչև 185 կմ/ժ արագություն, «ինքնաթիռային» ռեժիմում՝ 580 կմ/ժ։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 7,6 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ մոտ 2600 կմ։

Osprey կոնվերտոպլանի մոտավոր գինը 66 մլն ԱՄՆ դոլար է։ Ներկայումս այն ընդգրկված է միայն ԱՄՆ սպառազինության մեջ։

Վերջերս հայտնի էր դարձել, որ Իսրայելը կդառնա ԱՄՆ-ից հետո առաջին երկիրը, որին կտրամադրվի Osprey կոնվերտոպլանը։ Ամերիկյան կողմը պատրաստվում է 6 միավոր Osprey վաճառել իսրայելցիներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *