Սիրիայի զինյալները սխալմամբ գլխատել են իրենց զինակցին

Բաշար Ասադի դեմ մարտնչող Սիրիայի զինյալները ներողություն են խնդրել, երբ կառավարական զորքերի զինծառայող համարելով՝ սխալմամբ գլխատել են սեփական ճամբարի ներկայացուցչին։ Գլխատելուց հետո զոհի գլուխը ցուցադրվել է Հալեպի բնակիչներին։

Սիրիայի գրոհայիններ

Սիրիայի գրոհայիններ

Ինչպես հաղորդում է բրիտանական Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը, ծայրահեղ իսլամիստական «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը, որն առնչություն ունի «ալ Կաիդայի» հետ, իր զինյալներից մեկին շփոթել է «Ասադի կողմից կռվող, Իրաքից եկած շիա մուսուլմանի» հետ ու գլխատել վերջինիս։ Արդյունքում պարզվել է՝ դա իրենց զինակից Մուհամեդ Ֆարեսն է։ Նա վիրավորվել էր կառավարական զորքերի դեմ մարտերում։

Թյուրիմացության պատճառն, ըստ էության, հետևյալն է. երբ զինյալ Ֆարեսին վիրավոր տեղափոխել են զինյալների հոսպիտալ, նա սկսել է վանկարկել շիաների մոտ հերոս համարվող մարդկանց անուններ։ Հոսպիտալում գերակշիռ մեծամասնությունը կազմել են սուննիները, որոնք էլ, լսելով շիաների գովասանքներ, ենթադրել են՝ վիրավորը կառավարական զորքերից է։

Զինյալների անունից հանդես է եկել «Իրաքի ու Լևանտի իսլամական պետության» մամուլի քարտուղար Օմար ալ-Քահաթանին։ Նա կոչ է արել զինյալների մյուս խմբավորումներին ներել թյուրիմացության պատճառով սպանված Ֆարեսի մահը։

Թե´ գլխատման դրվագները, թե´ մամուլի քարտուղարի կոչը հայտնվել են YouTube-ում։

Հիշեցնենք, որ սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 110 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *