ՌԴ ՊՆ նախկին պաշտոնյային մեղադրում են կաշառակերության համար

Ռուսաստանի քննչական հանձնաժողովը մեղադրանքներ է ներկայացրել ՌԴ ՊՆ նյութատեխնիկական ապահովման վարչության նախկին տնօրեն, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ժիրովին։ Նա կասկածվում է բյուջետային միջոցներով խոշոր չափերի խարդախության համար։

Ինչպես հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, Ժիրովին և վերջինիս նախկին ենթակա, էկոլոգիական անվտանգության բաժնի վարիչ Յուրի Սոբոլևին, նաև «Ռիֆեյ» ԲԲԸ-ի տնօրեն Յուրի Բենդորշին մեղադրում են նաև պաշտոնական իրավասությունների չարաշահման ու հանցավոր համագործակցության շրջանակներում։

Ըստ հետաքննության տվյալների՝ 2011-ի նոյեմբերին ՌԴ ՊՆ-ն Բենդորշի «Ռիֆեյ» ընկերության հետ կնքել է թիվ 44200 զորամասի տարածքը նավթագազային գրունտից մաքրելու պայմանագիր։ Պայմանագրի արժեքը կազմել է շուրջ 1 մլն 715 հազար ԱՄՆ դոլար։ Սակայն «Ռիֆեյ» ընկերությունում, հասկանալով, որ սահմանված ժամկետներում չեն կարող ավարտել աշխատանքը, ոչ թե մաքրել են գրունտը, այլ տեղափոխել այն քիչ հեռու՝ գյուղատնտեսական օգտագործման հողերի վրա։ Բացի այդ, հետաքննությունը վկայում է՝ Ժիրովն ու Բենդորշը պայմանագիրը կնքել են որոշ կեղծումներով, ինչը թույլ է տվել գումարը փոխանցել մեկ օրով գրանցված անհայտ ընկերությունների հաշվեհամարներին։

Այնուհանդերձ, գեներալը չի ընդունում իր մեղքը։ Ինչպես հավաստիացրել է փաստաբանը, պետպատվերի շրջանակներում իրականացվող մաքրման աշխատանքներն ուշացել են, որովհետև պայմանագիրը սահմանված ժամկետից ուշ է կնքվել անկազմակերպ աշխատանքի հետևանքով։

Բացի այդ, «Ռիֆեյ»-ի աշխատակիցներին ՊՆ-ն երկար ժամանակ անցագրեր չէր տալիս զորամասի տարածք մուտք գործելու համար։ Գեներալի խոսքերով՝ երբ աշխատակիցներն այնուամենայնիվ ստացել են անցագրեր, պարզվել է՝ գրունտի չափերը սպասվածից շատ ավելի են, ուստի այն մաքրելու համար ավելի շատ ժամանակ կպահանջվի, քան նշվել էր պայմանագրում։

«Ռիֆեյ»-ն էլ իր հերթին պայմանավորվածություն է ձեռք բերել զորամասի տեղակայման շրջանում գործարարներից մեկի հետ՝ իր տարածք գրունտը ժամանակավոր փոխադրելու։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *