Իրանը ինքնաթիռների և հրթիռային համակարգերի մասնակցությամբ զորավարժություններ է սկսել` Իսրայելի կողմից հավանական հարձակումից միջուկային օբյեկտները պաշտպանելու նկատակով: Այս մասին հայտնում է Իրանի ՊՆ-ն: Զորավարժություններն անցկացվում են երկրի ողջ հարավում, ստացել են «Սառոլլա» անվանումը և կտևեն 4 օր:
Իսրայելը պարբերաբար սպառնում է Իրանին և, դեռևս առկա է այն վտանգը, որ Իսրայելը կհարվածի Իրանի միոջուկային օբյեկտներին, քանի որ դրանք դիտարկում է որպես սպառնալիք և միջուկային ռումբ ստեղծելու նպատակ:
Նախօրեին Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Թոմ Դանիլոնն այցելել էր Իսրայել` համոզելու վերջինիս ղեկավարությանը զերծ մնալ Իրանի դեմ ռազմական գործողություններից: Սակայն, Իսրայելի բանակի շտաբի ղեկավար, գեներալ Բեննի Հանցը հայտարարել էր, որ Իսրայելը, Իրանի միջուկային ծրագիրը կանգնեցնելու համար, ինքնուրույն կորոշի` արժի հարվածել այդ երկրի միջուկային օբյեկտներին, թե ոչ:
Դանիլոնի ձախողումից հետո, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյաուն կմեկնի ԱՄՆ` բանակցությունների:
« Эхо Москвы» ռադիոկայանի փոխանցմամբ, Վաշինգթոնում համոզված են, որ Իսրայելը չի կարող ոչնչացնել Իրանի բոլոր միջուկային օբյեկտները, այլ միայն ատոմային ռումբի ստեղծումը հետ կգցի 2 տարով:
Ավելի վաղ պաշտոնական Վաշինգթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ չունի այնպիսի ռումբեր, որոնք կկարողանան ոչնչացնել իրանական ստորգետնյա բունկերները: Իսկ Իրանի առաջնորդները համոզված են, որ իրենց «Շահաբ» հրթիռներն ի զորու են հարվածել Իսրայելի ցանկացած կետի: