ԱՄՆ-ում MQ-9 Reaper ԱԹՍ-ն ընկել է Օնտարիո լիճը

Նոյեմբերի 12-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի Նյու Յորքյան ազգային գվարդիային պատկանող MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը վթարի է ենթարկվել Նյու Յորքի Օնտարիո լճի արևելյան ափի մերձակայքում։ Վթարի պատճառները դեռևս անհայտ են։

MQ-9 Reaper

MQ-9 Reaper

Նյու Յորքի գվարդիայի 174-րդ զորամիավորման ներկայացուցիչների խոսքերով՝ վթարի մասին իրազեկվելուց հետո Նյու Յորքում անմիջապես դադարեցրել են այդ պահին ԱԹՍ-ների ընթացող փորձնական թռիչքները։ Առափնյա անվտանգության ծառայության ուղղաթիռն ու որոնողական աշխատանքների համար նախատեսված նավը սկսել են փնտրել ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ կործանված ԱԹՍ-ն։

Նշենք, որ անօդաչու սարքը վթարի էր ենթարկվել 01։00-ի սահմաններում։ Եղանակն այդ ժամանակահատվածում ամպոտ էր, տեղումներ էին սպասվում, ուստի որոնման համար ուղարկված ուղղաթիռը հետ կանչվեց։

174-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Սեմմելը վկայում է, որ վթարի պատճառների վերհանման նպատակով անցկացվելիք հետաքննությունը կարող է տևել մոտ մեկ ամիս, իսկ ներկա դրությամբ իրենք չունեն ԱԹՍ-ի վթարի պատճառների նախնական վարկածներ։

Նշենք, որ 174-րդ զորամիավորումը վերապատրաստում է օդաչուների և MQ-9 Reaper տեսակի ԱԹՍ-ներ կառավարող օպերատորների։

MQ-9 Reaper-ը կարող է իրականացնել նաև մարտական առաջադրանքներ, իր վրա կրում է հրթիռներ ու այլ սպառազինություն։ Գնդապետը հավաստիացրել է լրագրողներին, որ վթարի պահին ԱԹՍ-ն սպառազինություն չի ունեցել իր վրա, օդում եղել է շուրջ 3 ժամ, օդ է բարձրացել մեկ այլ նույնատիպ ԱԹՍ-ի հետ։ Վերջինս անվնաս վերադարձել է բազա։

Հավելենք, որ MQ-9 Reaper-ը հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարք է, որն արտադրվում է «General Atomics Aeronautical Systems» ընկերության կողմից հիմնականում ԱՄՆ ՌՕՈւ, ԱՄՆ ՌԾՈւ, Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ զորամիավորումների համար։ Առաջին թռիչքը կատարել է դեռևս 2001-ի փետրվարին։ Զանգվածային շահագործումը մեկնարկել է 2007-ից։ MQ-9 Reaper-ի երկարությունը 11 մ է, զանգվածը՝ 2223 կգ, թևի բացվածքը՝ 20 մ, առավելագույն արագությունը 400 կմ/ժ է, կրեյսերային արագությունը՝ 160 կմ/ժ, թռիչքի առավելագույն ժամաքանակը՝ 24 ժամ, թռիչքի հեռավորությունը՝ 5920 կմ։

2012-ին Bloomberg News գործակալության հետաքննության տվյալներով՝ 15 տարվա ընթացքում ԱՄՆ ՌՕՈւ-ում գրանցվել է Reaper, MQ-1 Predator և RQ-4 Global Hawk ԱԹՍ-ների մասնակցությամբ 129 վթար, ինչը ցույց է տալիս, որ ԱԹՍ-ներն ԱՄՆ-ի զինած ուժերում առավել հաճախ վթարի ենթարկված սարքերից են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *