Պերուի ցամաքային զորքերը ստացել են 38 միավոր ամենագնաց Jeep J8-եր, որոնք առանց գումարի տրամադրել է ԱՄՆ-ն։ Նոր ավտոմեքենաները կիրառվելու են թմրաբիզնեսի, ինչպես նաև «Սենդերո Լումինոսո» զինյալների խմբավորման դեմ պայքարում։
Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, Jeep J8-երը շահագործվելու են հիմնականում Ապուրիմեկ, Էնե ու Մանտարո հովիտներում, որտեղ զինյալների տեղակայման կենտրոններն են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշենք, որ Պերուի ցամաքային զորքերի հրամանատարությունը մտադիր է ԱՄՆ-ից գնել շուրջ 100 միավոր թեթև զրահապատ մեքենաներ՝ զինծառայողների ու ռազմական նշանակության բեռների տեղափոխման համար կիրառելու։
Բացի այդ, ակնկալվում է այս տիպի զրահամեքենաների վրա տեղադրել Spike-LR ու Spike-ER հակատանկային համալիրներ։
Հավելենք, որ ներկա դրությամբ Պերուի ցամաքային զորքերն ունեն HMMWV նախագծի 22 միավոր M1165A1 զրահապատ մեքենա լրացուցիչ զրահով։