ՀՀ նախագահը հետևել է զորավարժությանը, եղել առաջնագծում և ՊԲ զորամասերում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հետևել է Արցախում ընթացած զորավարժությանը, ինչպես նաև այցելել է Պաշտպանության բանակի զորամասեր և առաջնագիծ։ 

Մասնավորապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և բանակի հրամանատարական կազմի հետ միասին եղել է հանրապետության հյուսիսային հատվածի ՊԲ մի շարք զորամասերում ու զորամասերի պահպանության տակ գտնվող առաջնագծում:

 

Շրջայցի ընթացքում Սերժ Սարգսյանը ծանոթացել է բանակաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ներկայիս վիճակին, որից հետո ներկա է գտնվել բանակային բնագծի հյուսիս-արևելյան հատվածում առանձին մոտոհրաձգային ստորաբաժանումներից մեկի ներգրավվմամբ անցկացվող զորավարժությունների դիտարկմանը՝ «Գումարտակի անցումը պաշտպանությանը» թեմայով, որի ժամանակ ներկայացվել են ընթացքից պաշտպանության բնագծի գրավումը և պաշտպանական մարտի վարման տարրերը:

 

Հանրապետության նախագահը ներկա է գտնվել նաև զինավանում շտաբ-զորանոցի մասնաշենքի և սպաների համար ժամանցի ու հանգստի մասնաշենքի բացման արարողություններին:

 

Նախագահը ծառայության ընթացքում առավել աչքի ընկած և բարեխիղճ սպաներին ու զինվորներին պարգևատրել է թանկարժեք նվերներով, զրուցել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների հետ:

 

Ցուցադրական պարապմունքից հետո, օրվա ավարտին ՊԲ շտաբում տեղի է ունեցել հայկական երկու պետությունների նախագահների, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների և հրամանատարական կազմի մասնակցությամբ խորհրդակցություն:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *