«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը ոչ պաշտոնական հարթակում առաջարկ է արել Հարավային Կորեային 60 մարտական ինքնաթիռներ գնելու մրցույթի շրջանակներում իրենից ձեռք բերել Տ-50 կործանիչներ։ Հարավային Կորեան խստացրել էր մրցույթի պայմանները՝ նախնական որոշված արժեքը չփոփոխելով։
Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական պարբերականը, հղում տալով սեփական աղբյուրներին, ՌԴ-ն այդ քայլով փորձում է օգտվել ստեղծված նպաստավոր պայմաններից ու առաջ անցնել իր մրցակիցներից։
Նկատենք, որ Հարավային Կորեայի ՌՕՈւ հրամանատարությունն ավելացրել էր պահանջներն իրեն տրամադրվելիք մարտական ինքնաթիռի տեխնիկական հնարավորությունների ու սպառազինության առնչությամբ՝ առանց ակնկալվելիք արժեքում փոփոխություններ կատարելու։ Առաջադրած պայմաններին դեռևս առավել համապատասխան է F-35 Lightning II կործանիչը։
Հիշեցնենք, որ Հարավային Կորեան մրցույթի մասին հայտարարել էր դեռևս 2011-ին։ 2013-ի հունիսին F-X III կործանիչների մրցույթին մասնակցում էին ամերիկյան Lockheed Martin ու Boeing ընկերությունները, ինչպես նաև Eurofighter կոնսորցիումը։
Այս ձեռնարկությունները համապատասխանաբար առաջարկում էին հարավկորեական զինվորականներին F-35 Lightning II, F-15 Silent Eagle (F-15SE) և Typhoon կործանիչները։ Հարավային Կորեայի պաշտպանական գնումների գործակալությունը (DAPA) մտադիր էր 60 կործանիչների գնման համար ծախսել ոչ ավել քան 7.3 մլրդ դոլար։
Ոչ պաշտոնական աղբյուրները վկայում էին՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը ևս մասնակցության հայտ էր ներկայացրել։ Ավելի ուշ Հարավային Կորեան հայտարարեց՝ Ռուսաստանը մրցույթից դուրս է բերել իր առաջարկած Տ-50 ինքնաթիռը։
Արդեն իսկ օգոստոսին Boeing ավիաշինական գործարանը մնաց որպես մրցույթի միակ մասնակից։ Օգոստոսի 18-ին մրցույթից դուրս էր մնացել իր Typhoon կործանիչն առաջարկող եվրոպական Eurofighter կոնցերնը: Հարավային Կորեայի պաշտպանական գնումների գործակալությունը պարզաբանել է, որ Eurofighter-ի ներկայացրած մրցութային փաստաթղթերում սխալներ էին հայտնաբերվել:
Lockheed Martin-ը դուրս էր մնացել մրցույթից, քանի որ առաջարկում էր Հարավային Կորեայի համար ոչ մատչելի, շուրջ 153 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ F-35 Lightning II կործանիչը:
Այնուհանդերձ, ըստ փորձագետների՝ ամերիկյան ընկերությունների հաղթանակը մրցույթում ավելի հավանական է, քանի որ Հարավային Կորեայի ու ԱՄՆ ռազմատեխնիկական հարաբերությունները հետզհետե զարգանում են, բացի այդ, վերջին տասնամյակում կորեացիները գնում են հիմնականում ամերիկյան արտադրության ռազմական տեխնիկա։
5-րդ սերնդի Տ-50 ՊԱԿ ՖԱ (T-50 ПАК ФА-Ճակատային ավիացիայի հեռանկարային ավիացիոն համակարգ)-ի առավելագույն արագությունը 2600կմ/ժ է։ Տ-50 կործանիչն առաջին անգամ թռիչք է կատարել 2010-ի հունվարի 29-ին, ցուցադրվել է հանրությանը 2011-ի օգոստոսի 17-ին ՄԱԿՍ միջազգային ավիացիոն ցուցահանդեսի ժամանակ։ Տ-50-ի ստեղծման և արտադրման նախագծի արժեքը 2 մլրդ ԱՄՆ դոլար է, իսկ մեկ միավորի մոտավոր գինը` 100 մլն դոլար։ Նախագծով զբաղվում է «Սուխոյ» ընկերությունը։