Լեհաստանի պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարել Ուկրաինայի ռազմարդյունաբերության ներկայացուցիչների հետ՝ Լեհաստանի տարածքում հակատանկային հրթիռային համակարգերի համատեղ արտադրություն հիմնելու շուրջ։
Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, հղում կատարելով «Ուկրօբորոնէքսպորտ»-ին, Լեհաստանը հետաքրքրված է Կիևի «Լուչ» կոնստրուկտորական բյուրոյի կողմից «Բարյեր» համակարգի համատեղ արտադրության հարցով։
Ակնկալվում է, որ 2013-ի նոյեմբերի վերջին կկայանան ռազմատեխնիկական համագործակցության գծով լեհ-ուկրաինական հանձնաժողովի քննարկումներ, որի ընթացքում էլ Ուկրաինան հանգամանորեն կներկայացնի իր առաջարկը։
Ներկա դրությամբ Լեհաստանը զբաղված է սեփական հակատանկային համալիրների և ուղղաթիռների արդիականացմամբ։
Նշենք, որ «Բարյեր» հակատանկային հրթիռային համակարգը նախատեսված է ՀՄՄ-ի և զրահատեխնիկայի վրա տեղադրվելու համար։ Այն ունակ է խոցել մինչև 5 հազար մետր հեռավորության թիրախները։ Համալիրն օժտված է կիսաավտոմատ կառավարման նշանառության լազերային համակարգով։ «Բարյերի» հրթիռներն ունեն կումուլյատիվ գլխիկներ։
Հավելենք, որ 2013-ի մայիսին հայտնի է դարձել՝ Լեհաստանը և Ուկրաինան դիտարկում են զրահատեխնիկայի ստեղծման ու արդիականացման բնագավառում սերտ համագործակցության հեռանկարները։
Ընդ որում, Լեհաստանը մտադիր է նաև Ուկրաինային վստահել իր Մի-8, Մի-24 ուղղաթիռների, ՄիԳ-29 կործանիչների արդիականացումը։
Կողմերը հավանական են համարում ռադիոտեղորոշման ու նավիգացիոն համակարգերի, կապի միջոցների, տարբեր տիպի հրթիռների համատեղ արտադրությունը։