ԱՄՆ ռազմաօդային ուժերը պատվիրել է նոր Global Hawk անօդաչու թռչող սարքեր

ԱՄՆ ՌՕՈւ հրամանատարությունն ամերիկյան Northrop Grumman ընկերության հետ համաձայնագիր է կնքել նոր ռազմավարական RQ-4 Block 30 Global Hawk անօդաչու թռչող սարքերի ստեղծման համար։ Պայմանագրի արժեքը 114 մլն դոլար է։

Ամերիկյան RQ-4 Block 30 Global Hawk անօդաչու թռչող սարքը

Ամերիկյան RQ-4 Block 30 Global Hawk անօդաչու թռչող սարքը

Ինչպես հաղորդում է Defense News լրատվակայքը, պայմանագրի շրջանակներում աշխատանքները ծրագրվում է ավարտել 2015-ին։

Ըստ համաձայնագրի՝ Northrop Grumman-ը պարտավորվում է արտադրել 3 հետախուզական սարքավորումների ընդլայնված համալիր, 3 ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգ, ևս 2 ASIP համակարգ, որոնք պետք է տեղադրվեն արդեն իսկ ԱՄՆ ՌՕՈւ-ում շահագործվող Global Hawk-երի վրա։

Նշենք, որ ներկա դրությամբ ԱՄՆ ՌՕՈւ-ն ունի 42 միավոր Global Hawk. 2012-ի վերջին զինվորականները հայտարարել են, որ մտադիր են նման սարքերի թիվն ավելացնել՝ հասցնելով 45-ի։ Բացի այդ, ընթանում են ԱՄՆ ՌՕՈւ-ի համար նախատեսված Global Hawk ԱԹՍ-ների Block 40 տարբերակի ստեղծման աշխատանքները, որն ունենալու է նոր ՌՏԿ և հետախուզման կատարելագործված համակարգ։ ԱՄՆ ՊՆ-ն հնարավոր է ձեռք բերի 11 նման ԱԹՍ։

2012-ի սկզբին Պենտագոնը հայտարարել էր Global Hawk ԱԹՍ-ների գնումից հրաժարվելու, ավելին՝ արդեն կիրառվող նմուշները շահագործումից դուրս բերելու մասին։ Պատճառը ռազմական ծախսերի կրճատումն էր, ԱԹՍ-ների թռիչքային փորձարկումների համար պահանջվող ռեսուրսները, սպասարկման աճող գումարները։ Բացի այդ, սարքավորումներն ակնհայտ տեխնիկական թերացումներ ունեին։

Այնուհանդերձ, ծրագիրը չսառեցվեց. 2012-ի վերջին ԱՄՆ ՌՕՈւ-ն գումար ստացավ Global Hawk-ի ծրագիրը շարունակելու համար։

Հավելենք, որ Global Hawk RQ-4 ռազմավարական հետախուզական ԱԹՍ-ն ունակ է բացել մինչև 800 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել 19.8 կմ բարձրության վրա, մինչև 24.9 հազար կմ հեռավորության պայմաններում։ Այն կարող է օդում մնալ մինչև 36 ժամ։ RQ-4-ի կողային սարքավորումներն ընդգրկում են ՌԷՊ և ռադիոէլեկտրոնային հետախուզման համակարգեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *