Ռումինիայի պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ին պատվիրել է F-16 Block 16 MLU Fighting Falcon կործանիչների հավելյալ սարքավորումներ։ Պենտագոնն արդեն տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին հավանական գործարքի մասին։
Պենտագոնի ռազմական համագործակցության գործակալության հաղորդած տվյալներով՝ պայմանագրի արժեքը լինելու է 457 մլն ԱՄՆ դոլար։ Գոծակալությունը վկայում է, որ սարքավորումների տրամադրումը Ռումինիայի ՌՕՈւ-ին թույլ կտա բարձրացնել ՆԱՏՕ չափանիշներին համապատասխանության աստիճանը։
Ըստ պատվերի հայտի՝ Ռումինիան մտադիր է ձեռք բերել 13 միավոր GPS նավիգացիոն համակարգ, 3 կախովի կոնտեյներ՝ ռադիոէլեկտրոնային հակազդման AN/ALQ-131 համակարգով, 30 միավոր AIM-120C տիպի հրթիռներ, 5 միավոր ուսումնական AIM-120C CATM հրթիռներ, 60 միավոր AIM-9M Sidewinder հրթիռներ, 4 միավոր AIM-9M Sidewinder տիպի ուսումնական հրթիռներ, 10 միավոր կառավարվող GBU-12 ռումբեր, 18 միավոր AGM-65H/KB Maverick հրթիռներ։
Բացի այդ, Ռումինիայի ՌՕՈւ-ն նախատեսում է ստանալ 48 միավոր LAU-129 պիլոններ՝ F-16-ի վրա ռումբեր ու հրթիռներ ամրացնելու համար, նաև 15 միավոր MIDS/LVT ստացված տեղեկության հավաքագրման ու մշակման համակարգ։
Եթե Կոնգրեսը հաստատի գործարքը, միևնույն է, ըստ Պենտագոնի, տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը չի խախտվի։
Հավելենք, որ Ռումինիան ծրագրում է ստացված բոլոր սարքավորումներն ամրացնել 2013-ի հոկտեմբերին Պորտուգալիայից գնված 12 միավոր F-16 MLU կործանիչների վրա։ Պորտուգալիայի հետ գործարքի արժեքն է շուրջ 245 մլն ԱՄՆ դոլար։ Նոր կործանիչները փոխարինելու են հնացած ՄիԳ-21-երին։
Ակնկալվում է, որ առաջին F-16-երը Ռումինիան կստանա 2016-ին։