Արցախի հարավային սահմանը, որն անցնում է Արաքսով, միշտ դիտարկման տակ է, այնտեղով ոչ ոք աննկատ չի կարող անցնել։ Այս մասին ասում են սահմանապահները, որոնք ծառայություն են իրականացնում Իրանի հետ պետական սահմանին։
Նոյեմբերի 6-8-ը մի խումբ լրագրողներ Քաշաթաղի շրջանի հարավում էին։ Նպատակը հայ-իրանական սահմանի արցախյան հատվածի խնդիրներին ծանոթանալն էր։
Հայ-իրանական սահմանը, ի տարբերություն Սյունիքի մարզի, Արցախի հատվածում՝ Քաշաթաղի ու Հադրութի շրջանների հարավում, հսկում են հայկական սահմանապահ ուժերը։ Սահմանապահ զորքերի ուղեկալը Մխանց գյուղի հարևանությամբ է։
Ստորաբաժանման կազմում ծառայում են հիմնականում պայմանագրայիններ, թեև ժամկետային զինծառայողներն էլ քիչ չեն։ Սահմանապահները ծառայությունն իրականացնում են սահմանապահ ուղեկալներում, որոնցից պետական սահմանի հեռավորությունը մի քանի հարյուր մետր է։
Այստեղ խրամատներ չկան, իսկ հայկական ու իրանական սահմանապահ ուժերը մշտական կապ են պահում միմյանց հետ։ Միջադեպեր այստեղ քիչ են գրանցվում։ Երբեմն ընտանի կենդանիներն են «հատում» սահմանը։ Այդ դեպքում, ինչպես նշում է սահմանապահ ուղեկալի պետի տեղակալ, լեյտենանտ Վլադիմիր Ասծատրյանը, «սահմանախախտներին» քշում են սահմանից այնկողմ։ Առհասարակ Արաքսի վրայով անցող սահմանը ոչ մի կերպ համեմատելի չէ հայ-ադրբեջանական շփման գծի հետ։
Սահմանային գծում սահմանապահներին չես տեսնի։ Թեև նրանց մի մասը սահմանը հսկում է աշտարակներից, բայց մի մասն էլ հերթապահությունը իրականացնում է թաքստոցներից։ Եթե նկատեն սահմանը խախտողի, նրանք կբռնեն նրան ու կբերեն ուղեկալ, որտեղ էլ կպարզեն, թե ինչու է սահմանախախտն անցել հայկական կողմ։ Եթե նա պատահմամբ է անցել սահմանը, ապա հայ սահմանապահները կկապվեն իրենց իրանցի գործընկերների հետ ու սահմանը խախտողին կհանձնեն իրանական կողմին։
Սահմանապահները պատմում են, որ երբեմն Արաքսի ափ էլ են իջնում, վտանգավոր չէ։ Իսկ ընդհանրապես սահմանապահները չեն սիրում շատ պատմել։
Ուղեկալի հրամանատար գնդապետ Արմեն Աբրահամյանը համարում է, որ իրենք շարունակում են ազատամարտիկ ընկերների գործը։ Գնդապետ Աբրահամյանը հադրութեցի է, պատերազմի հենց սկզբից կռվել է Հադրութի ազատամարտիկների ջոկատներում, հրադադարի կնքումից հետո էլ ծառայել է սկզբում Հադրութում, այնուհետ սահմանապահ ծառայության է անցել Իրանի հետ սահմանում։
Նույն կերպ ամեն սահմանապահ ունի իր պատմությունը։ Կապիտան Սարգիս Խանգելդյանը զինվորականի ընտանիքից է։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո, որպես ժամկետային, ծառայության է անցել սահմանապահ զորքերում ու եկել է Քաշաթաղ, այնուհետև իր կյանքը կապել է ծառայության հետ ու մշտական բնակություն հաստատել Մխանց գյուղում։
Մխանց գյուղը, ինչպես և հարևան Արծվաշեն ու Աղաձոր գյուղերը, բնակեցված են հիմնականում Եղեգնաձորից եկած վերաբնակիչներով։ Նրանք այստեղ հիմնվել են դեռևս 1999-ից։
Աղաձորի գյուղապետ Մկրտիչ Հարությունյանը պատմում է, որ գյուղ են եկել 4 հորեղբորորդիներով։ Երբ ավտոբուսով եկել են գյուղ, կինը չէր ուզում իջնել ավտոբուսից, իսկ հիմա բացառում է գյուղից հեռանալու բոլոր հնարավորությունները։
Երբ վերաբնակիչները եկան գյուղ, այնտեղ անգամ էլեկտրականություն չկար։ Էլեկտրաէներգիայի հոսանքագծերը գյուղ հասան միայն 2006-ին։ Չնայած դրան՝ գյուղապետը նշեց, որ գյուղում ապրում են, ոչ թե գոյատևում։
Ներկայումս 24 տնտեսություն ունեցող գյուղը ունի գյուղատնտեսական տեխնիկայի խնդիր։ 25 հարևան գյուղերին հատկացված է 2 էքսկավատոր, որոնք չեն հասցնում կատարել ամբողջ աշխատանքը։ Ինչպես նշեց գյուղապետը՝ գյուղի 300 հեկտար հողատարածքից մոտ 250 հեկտարից ստանում են հացահատիկ, իսկ մնացած 50-ն օգտագործում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակման համար։
Արցախի ղեկավարությունը վերաբնակիչներին անհատույց հողեր է հատկացրել, օգնում է սեփականաշնորհման հարցում, էլեկտրաէներգիայի զեղչեր է տրամադրում, զեղչեր են գործում նաև ոռոգման ջրի համար, իսկ խմելու ջուրը գյուղացիները հանում են հորերից։ Նորանշանակ գյուղապետը հայտնեց, որ արդեն պայմանավորվել է աշխատողների հետ, ու մինչև ընթացիկ տարվա վերջ խմելու ջրով կապահովվի նաև գյուղի դպրոցը, որտեղ սովորում է 37 աշակերտ։
Դպրոցի տնօրեն Լուսիկ Հարությունյանի խոսքով՝ 2006-ին հիմնադրված դպրոցում սովորում է ընդամենը 11 աղաձորցի աշակերտ, մյուսները հարևան գյուղերից են, թեև հարևան գյուղերում էլ դպրոցներ կան։ Դպրոցն ունի 7 դասարան, որովհետև որոշ դասարաններ միասին են անցկացնում դասերը։ Դպրոցի աշակերտները մասնակցել են բրեյնռինգի ու ասմունքի հանրապետական մրցույթների, դպրոցական առարկաների հանրապետական օլիմպիադաների ու վաստակել են բարձր տեղեր։ Տնօրենի խոսքով՝ աշակերտները ոչ մի մրցույթից առանց մրցանակային տեղեր զբաղեցնելու չեն գալիս։
Դպրոցը համագործակցում է հարևան գյուղերի՝ Արծվաշենի ու Մխանցի դպրոցների հետ ու դասագրքեր է փոխանակում, քանի որ երբեմն դասագրքերը չեն բավականացնում։ Երբեմն վերցնում են պակասող դասագրքերը ու վերադարձնում են ուսումնական տարվա վերջում։ Դպրոցում ներկայումս ունեն ֆիզիկա ու հայոց լեզու, գրականություն առարկաների դասատուների կարիք։
Քաշաթաղի հարավում ինչպես զինվորականների, այնպես էլ գյուղացիների համար մեծագույն խնդիրը ճանապարհներն են։ Խորհրդային շրջանում Արարատից Նախիջևանով ու Սյունիքի հարավով անցնող երկաթգիծն ու ավտոմայրուղին անցել են հենց Միջնավանով ու Հորադիզով մտել են ադրբեջանական կողմ։ Արցախյան պատերազմից հետո ճանապարհները չեն նորոգվել ու ներկայումս այնքան էլ հարմար չեն։ Գյուղերը 2 ճանապարհներով կապված են նաև Գորիսի ու Կապանի հետ, որոնց հետ էլ հիմնականում պահպանվում է տնտեսական կապը։ Թեև այս ճանապարհներն էլ բարվոք չեն, սակայն հենց այս ճանապարհներով է իրականացվում այ շրջանի հիմնական կապը։