Սիրիայում զինյալները մահապատժի են ենթարկել խորհրդարանի պատգամավոր Մաջեմ ալ-Սահուին։ Սպանության պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել, պատճառները ևս հայտնի չեն։
Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, հղում կատարելով Syrian Observatory for Human Rights monitor կազմակերպության տվյալներին, սպանվածը 50-ամյա պատգամավոր էր Դեր-Զոր շրջանից, նրան առևանգել էին ընթացիկ տարում։ Հայտնի է միայն, որ առևանգողները Բաշար Ասադի վարչակազմի դեմ պայքարող ծայրահեղ իսլամիստներ են։
Նշենք, որ զինյալները 2013-ի հոկտեմբերին առևանգել են ևս մեկ պատգամավորի՝ Մահաննա Ֆեյսալ ալ-Ֆայադեին։ Նրա ճակատագիրն անհայտ է։
Syrian Observatory for Human Rights կազմակերպությունը, համաձայն պաշտոնական կայքի, հիմնադրվել է 2006-ի մայիսին և առնչություն չունի որևէ քաղաքական ուժի հետ, զբաղվում է Սիրիայում մարդու իրավունքների խախտումների և բռնի ուժի կիրառման դեպքերի լուսաբանմամբ ու դրանց վերաբերյալ զեկույցներ կազմելով։
Կազմակերպության ղեկավարը լոնդոնաբնակ սիրիացի Ռամի Աբդել Ռահմանն է, որի խոսքերով իրենք ունեն ավելի քան 230 աշխատակիցներ, բացի այդ Սիրիայում ունեն «հավաստի աղբյուրներ»։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ կազմակերպության հասցեին բազմիցս մեղադրանքներ են հնչել կանխակալ զեկույցներ կազմելու և մտածված Բաշար Ասադի դեմ նյութեր հրապարակելու հարցում։ Սակայն դատելով վերջին զեկույցներից՝ այս կազմակերպությունը փոխել է իր մոտեցումները՝ տեղ հատկացնելով նաև զինյալների կողմից ահաբեկչական գործողությունների լուսաբանմանը։