Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է հերթական միջադեպը։ Գետաբեկի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինծառայողների վեճը վերածվել է զինված բախման։
Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Վյուսալ Ջաֆարովն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակ է բացել ու վիրավորել Մուհամեդալի Աբբասովին։ Տուժածը ծանր հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի հատվածում։ Նրան տեղափոխել են հոսպիտալ։
Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը զինծառայողների միջև վեճն էր։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ հրաժարվել է միջադեպի առնչությամբ մեկնաբանություններ տալ։
Հավելենք, որ Գետաբեկի զորամասն ընդգրկված է Շամխորի 3-րդ բանակային կորպուսի կազմում: Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսն արդեն վաղուց է, ինչ տխուր համբավ ունի Ադրբեջանում։ Այն առաջատարն է զոհերի, միջադեպերի և կաշառակերության մակարդակով։ 2012-ին մեկ միջադեպի ժամանակ միանգամից 7 զինծառայողների մահը և մի քանի օր անց դեպքի միակ վկայի զոհվելը նույնպես այս կորպուսում է եղել։ Հենց այդ դեպքից հետո պաշտոնից զինվորական կոչման իջեցմամբ ազատվեց կորպուսի հրամանատար, այդ ժամանակ գեներալ-լեյտենանտ Չինգիզ Շաֆիևը։
Շամխորի կորպուսի ներկայիս հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը մեկն էր այն զինվորականներից, ում 1992-ին մեղադրում էին սխալ մարտավարության և անգործության հետևանքով «Շուշին հայերին հանձնելու համար»։ Նա նաև դավաճանել է սեփական մարտական ընկերներին. 1994-1995 թթ. հենց Աքպերովի հրամանով զինվորները գնդակահարել են Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերաններին նրանց քաղաքական հայացքների համար։
Բացի այդ, Ադրբեջանի ազգային հերոսը, պարզվում է, ալկոհոլի և թմրանյութի սիրահար է։ 2001-ին էլ նա Կիևում ոչ սթափ վիճակում դանակահարել ու սպանել է գործարար Էլչին Ալիևին։