Իրաքի Թարմիյահ քաղաքում՝ Բաղդադից 50 կմ դեպի հյուսիս, հերթական պայթյունն է գրանցվել։ Երկու ականանատ ավտոմեքենաներով մահապարտ ահաբեկիչները պայթյուն են կազմակերպել ռազմաբազայի տարածքում։ Զոհերի շարքում կան զինծառայողներ։
Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, հիմնականում սուննի մուսուլմաններով բնակեցված քաղաքում պայթյունների պատճառով զոհվել է նախնական տվյալներով 30 հոգի, որից 19-ը՝ զինծառայող, վիրավորվել՝ 41-ը։
Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։ Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։
Հիշեցնենք, որ անցած հոկտեմբեր ամիսն Իրաքի համար լի էր ահաբեկչական գործողություններով: Այն ամենաարյունալին էր վերջին 5 տարիների ընթացքում: Համաձայն երկրի կառավարության տվյալների՝ ահաբեկչությունների ու զինյալների հարձակման հետևանքով ընդամենը մեկ ամսում զոհվել է 855 խաղաղ բնակիչ, 65 ոստիկան, 44 զինծառայող: Վերջին անգամ նմանատիպ ցուցանիշներ են գրանցվել 2008-ի ապրիլին, երբ մեկ ամսում զոհվել էր հազարից ավել մարդ:
Փորձագետները նշում են, որ ահաբեկչությունների հաճախակիության բարձրացումը կապված է երկրում շիա ու սուննի մուսուլմանների խոշոր համայնքների հակամարտության թեժացման հետ: Սադամ Հուսեյնի ղեկավարման ժամանակահատվածում սուննիները զբաղեցնում էին Իրաքի գլխավոր պաշտոնները, սակայն ԱՄՆ-ի ռազմական միջամտությունից ու Հուսեյնի գահընկեց լինելուց հետո երկրի ղեկավար պաշտոնները շիաների ձեռքում են: