Թուրքիայում հրամաններին չենթարկվող միկրոավտոբուսը կանգնեցնելու փորձերի ժամանակ ժանդարմները կրակ են արձակել, ինչի հետևանքով սպանվել է ոչ միայն ավտոմեքենայի ուղևորը, այլ նաև զինծառայողներից մեկը։Դեպքը եղել է Թուրքիայի հարավարևելյան, մեծամասամբ քրդաբնակ Հաքքարի նահանգում նոյեմբերի 6-ի երեկոյան, փոխանցում է թուրքական «Դողան» գործակալությունը։
Ուզումջու գյուղի մոտով անցնող ավտոճանապարհի հսկիչ-անցագրային կետում ծառայություն կրող ժանդարմերիայի զինծառայողները հրամայել են կանգ առնել տեղանքով անցնող կասկածելի միկրոավտոբուսին։ Սակայն ավտոմեքենայի վարորդը չի կանգնեցրել այն և արագություն է հավաքել՝ փորձելով շրջանցել անցակետը։
Այդ ժամանակ անցակետից կրակ են բացել միկրոավտոբուսի ուղղությամբ, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը հրազենային վերքեր է ստացել ու մահացել, իսկ վարորդը՝ վիրավորվել։ Կրակի ժամանակ մահացու վիրավորում է ստացել նաև ավտոմեքենային մոտ գտնվող ժանդարմերիայի ավագ սերժանտը։ Մահացած զինծառայողի անունը դեռ չի հրապարակվում։
Պարզվել է, որ միկրոավտոբուսում միայն 2 հոգի է եղել՝ վարորդն ու 29-ամյա ուղևորը։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։ Առայժմ դեպքի վերաբերյալ Թուրքիայի զինված ուժերը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել։