Պապաս ինձ զինվորի գլխարկ է նվիրել. զոհված զինծառայողի ընտանիքն այսօր

Պապաս լողացել էր, ինձ դրել իր փորին, ու մենք «Փայտե ձի» էինք արտասանում իրար հետ։ 7-ամյա Հենրիկի հիշողությունում այպիսին է մնացել իր հայրը՝ 2010 թվականի մարտի 1-ին ադրբեջանական դիպուկահարի կրակից զոհված Սարգիս Ոսկանյանը։

Հենրիկն ու Լիլիան

Հենրիկն ու Լիլիան

Սարգիսը ծնունդով Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղից էր։ Սարգիսի կինը՝ 27-ամյա Մարգարիտա Անտոնյանը, այս պահին ապրում է Վանաձորում՝ հայրական տանն իր ծնողների հետ։

«Հիմա ապրում եմ Կիրովականում ծնողներիս հետ։ Գյուղում կրակոցներ էին ամեն օր, ամեն կրակոցի հետ երեխան տեղից թռչում էր։ Բայց կապը ամուսնուս ծնողների հետ մինչև հիմա կա»,- պատմում է Մարգարիտան։

«Իմ մաման իրենց համագյուղացին էր, բացի այդ, Սաքոն քեռուս աղջկա դասարանցին էր, այդպես հանդիպեցինք։ Գյուղի կանչը մեզ միացրեց։ Սկզբում Վանաձորում էինք ապրում, հետո սկեսրայրս հիվանդացավ, ու մենք գնացինք Չինարի։ Այլ կերպ չէր էլ կարող լինել»,- շարունակում է Մարգարիտան։

Սարգիս Ոսկանյանը ընտանիքը պահելու համար պայմանագրային զինծառայող է դառնում։
«Ամեն անգամ 14 օր աղոթում էինք, որ իր հետ ոչ մի բան չլինի։ Երբեք շատ բան չէր պատմում դիրքերից, միայն ասում էր, որ հայը երբեք թուրքի երեխու վրա չի կրակում, իսկ իրենք մեր տների, երեխեքի վրա են կրակում»,- հիշում է Սարգիսի կինը։

Ամուսինները համատեղ ապրել են 4 տարի, ունեցել երկու զավակ։ Տղան՝ Հենրիկը և աղջիկը՝ Լիլիան, հիմա ապրում են իրենց մայրիկի հետ։

Հենրիկն առաջին դասարանում է սովորում, իսկ Լիլիան դեռ մանկապարտեզ է հաճախում։

Մարգարիտան՝ երեխաների հետ

Մարգարիտան՝ երեխաների հետ

Հենրիկ, որ մեծանաս ի՞նչ ես ուզում դառնալ։
Զինվորական բժիշկ, որ բոլոր հիվանդներին բուժեմ։ Իրանք իմ պապային չկարողացան փրկել, բայց ես ուրիշներին կփրկեմ։
Գիտեք՝  ես զինվորի շորտիկ ունեմ, գլխարկ ունեմ, իմ պապան է տվել։

«Ես երդվել եմ, որ իմ տղան բանակ չի գնալու, բայց հետո մտածեցի, որ գնալու է։ Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, իր հոր կիսատ գործը շարունակելու է»,- տղայի խոսքերին հավելում է մայրը։

«Երբ որ ես առաջնեկիս ունեցա, անկեղծ ասած՝ մենք աղջկա էինք սպասում, հետո գնացել, ասել էին, որ ձեր կինը ձեզ համար տղա է ունեցել։ Մենք երկուսով որոշեցինք, որ Սարգիսի պապայի անունը դնենք՝ Հենրիկ։ Իմ սկեսրայրը շատ լավ մարդ է, միշտ ինձ օգնել է, ես իրեն շատ եմ սիրել ու սիրում»,- պատմում է Մարգարիտան։

Մարգարիտան Ռազմինֆոյին պատմեց նաև, թե այս տարիների ընթացքում` ամուսնու զոհվելուց հետո, ինչ խնդիրների են բախվել։

«Աղջիկս շատ է հիվանդանում, դեղերն առնում էի բավական թանկ գնով, իսկ հիմա լրիվ անվճար են տրամադրում։ Բայց մինչև չգնացի, չգոռացի, հարցը չլուծվեց։ Հիմա պոլիկլինիկայում էլ են նորմալ սպասարկում»,- բացատրում է Մարգարիտան։

4-ամյա Լիլիան հաճախում է Ավետարանչական եկեղեցու «Զատիկ» մանկական խումբ, որի համար Մարգարիտան վճարում էր ամսական 4 հազար դրամ։ Որոշակի համառելուց հետո նրան 50 տոկոս զեղչ են արել։

Քույրն ու եղբայրը

Քույրն ու եղբայրը

Մարգարիտայի համար հիմա ամենամեծ խնդիրն ամուսնության վկայական ունենալն է։

«Երբ մենք Բերդում ամուսնության վկայական ունենալու դիմում գրեցինք, մեզ ասացին՝ հիմա ո՞վ է ամուսնության վկայական հանում, մենք էլ դիմումը հետ վերցրինք։ Բայց ամուսինս երեխաների հայրությունը ճանաչել է, նրա ազգանունն են կրում։ Խնդիրն այն է, որ հետմահու ամուսություն չեն գրանցում։ Այսպես սպասողական վիճակում ենք»,- պատմում է Մարգարիտա Անտոնյանը։

Չնայած հանդիպող դժվարություններին՝ Մարգարիտան չի հուսահատվում։ Մասնագիտությամբ դեղագործ է։ Տղային տառաճանաչ դարձնելուց հետո որոշել է անպայման աշխատանք գտնել։ Հիմա, որպես զոհվածի ընտանիք, թոշակ են ստանում, բացի այդ, ամեն տարի Հայ օգնության միությունը յուրաքանչյուր երեխային որոշակի գումար է նվիրում։

«Կյանքում կուզենայի, որ հրաշք կատարվեր, որ իմ երեխաների հայրն իմ կողքին լիներ, իր երեխաների կողքին լիներ։ Դրանից բացի ոչինչ չեմ ուզում»,- սրբելով աչքերն ասում է Մարգարիտան։

Հետո շրջվում է երեխաներին ու նորից կրկնում. «Իրենց պապան շատ ուժեղ տղա էր, իր մամային շատ սիրում էր, իր ծնողներին հարգում էր»,- կրկնում է Մարգարիտան։

Տարվա մեջ մի քանի անգամ նրանք այցելում են Չինարի՝ տատիկ-պապիկին տեսնելու։

Հավատացող աչքեր

Հավատացող աչքեր

Հենրիկ, Չինարին սիրո՞ւմ ես։
Հա, շատ եմ սիրում, բայց շատ են կրակում։
Դե, որ դու զինվոր դառնաս, էլ չես թողնի, որ կրակեն։
Հա, չեմ թողնելու։ Ես մեծանամ, լավ-լավ մարդ եմ դառնալու, ինստիտուտ ավարտած։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *