Վերջին շրջանում Ադրբեջանում ռազմական ոլորտի տարբեր թեմաների քննարկումն արդիական է դարձել։ Այս անգամ փորձագետները խոսում են Ադրբեջանում կին զինծառայողների պակասի և նրանց՝ ԶՈւ-ում աշխատելու անհրաժեշտության հարցը։
Նոյեմբերի 7-ին ռազմական փորձագետ, «Գյունդելիք Ադրբեջան» և «Իրական Ադրբեջան» թերթերի նախկին աշխատակից Ուզեիր Ջաֆարովը մեկնաբանել է Ադրբեջանի ԶՈւ-ում կին զինծառայողների քիչ թվաքանակի հարցը։
Փորձագետի խոսքերով՝ պետությունը միայն կշահի, եթե կանանց ավելի շատ տեղ տրվի զինած ուժերում։
«Մենք ընդամենն ունենք 2 կին գեներալ, մեկը՝ Ազգային անվտանգության նախարարությունում, մյուսը՝ ԱԻՆ-ում։ ՊՆ-ի շրջանակներում տարբեր զինվորական կոչում ունեցող կանանց ճնշող մեծամասնությունն աշխատում է շտաբերում և որևէ առնչություն չունի բուն մարտական ծառայության հետ։
Մինչդեռ կան զինվորական պաշտոններ, որտեղ կանայք ավելի արդյունավետ կաշխատեն, քան տղամարդիկ, սակայն տարբերակում են դնում, կանանց չեն ընդունում։ Այս իրավիճակը գոհացուցիչ չէ, քանի որ նույն ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Բելառուսում, Ուկրաինայում կին զինծառայողները շատ են, և դա միայն դրական է ազդում ԶՈւ-ի վրա»,-շեշտել է փորձագետը։