Բելառուսը Թուրքմենստանում անօդաչու թռչող սարքերի արտադրություն է հիմնելու

Նոյեմբերի 5-ին Աշգաբադում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ծրագրում են Թուրքմենստանում ԱԹՍ-ների արտադրություն հիմնել։ Դրա համար հիմք է ծառայում երկու երկրների միջև ռազմատեխնիկական ու գիտական ակտիվացող համագործակցությունը։

«Գրիֆ-1» մարտավարական անօդաչու թռչող սարք

«Գրիֆ-1» մարտավարական անօդաչու թռչող սարք

Ինչպես հաղորդում է բելառուսական «ԲԵԼՏԱ» լրատվական գործակալությունը, Բելառուսի նախագահը շեշտել է, որ իրենք արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլու Բերդիմուհամեդովի հետ, առաջիկայում Բելառուսը թուրքմեն գործընկերներին կտրամադրի իր գիտությունների ակադեմիայի կողմից նախագծված ԱԹՍ-ներ, ապա կմեկնարկի անօդաչու թռչող համակարգերի համատեղ արտադրությունը։

Համաձայն Defense News պարբերականի՝ Թուրքմենստանն այս քայլով ըստ էության միանում է Բելառուսից անօդաչու համակարգեր գնող երկրների ցանկին։

Հիշեցնենք, որ 2013-ի մայիսին Բելառուսից ԱԹՍ-ներ գնող երկրների շարքում հայտնվել էր նաև Վիետնամը, որը  հայտարարել էր անօդաչու նոր համակարգեր գնելու մտադրության մասին։

Հավելենք, որ Բելառուսի Բարանովիչ քաղաքում հիմնված 558-րդ պետական ավիացիոն գործարանում արտադրվում է «Գրիֆ-1» մարտավարական անօդաչու թռչող սարքը։ Բելառուսը բազմիցս հայտարարել է նաև իր «Ստերխ» ԱԹՍ-ի՝ միջազգային շուկա դուրս բերելու մասին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *