Նիդեռլանդների ռազմաօդային ուժերը սկսել է հետաքննել Վլիելանդ կղզու զորավարժարանում դիսպետչերական աշտարակին օդային հարված հասցնելու միջադեպը։ Աշտարակը վնասվել է, սակայն զոհեր ու տուժածներ չկան։
Ինչպես հաղորդում է flightglobal.com լրատվակայքը, նոյեմբերի 4-ին F-16A կործանիչի օդաչուն 20 մմ թնդանոթով մի քանի մարտական արկ է բաց թողել աշտարակի ուղղությամբ։ Զորավարժարանում ներկա երկու աշխատակիցները չեն տուժել։
Հայտնի է, որ օդաչուն հանձնարարություն էր ստացել զորավարժության շրջանակներում ոչնչացնել աշտարակից 500 մ հեռավորության վրա տեղակայված թիրախը։
Դեռևս պարզ չէ, թե որն է եղել միջադեպի բուն պատճառը։
Նիդեռլանդների հյուսիսի այս զորավարժարանը միակ վայրն է երկրում, որտեղ ՌՕՈւ օդաչուները կարող են մարտական կրակով զորավարժություն անցկացնել։
Հավելենք, որ գրանցված միջադեպն առաջինը չէր այս զորավարժարանում։ 2001-ին Գերմանիայի ՌՕՈւ Tornado կործանիչի անձնակազմը մարտական արկերով վնասել է աշտարակը, իսկ դեռևս 1992-ին Դանիայի ՌՕՈւ F-16 կործանիչի օդաչուն հրթիռ է բաց թողել աշտարակի ուղղությամբ։ Տուժել է զորավարժարանի մեկ աշխատակից, սակայն վնասվածքները ծանր չեն եղել։