Սերբ սպաների դեմ մեղադրանք է առաջադրվել ալբանացիների սպանության համար

Սերբիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ազգային բանակի երկու սպաների, ովքեր կասկածվում են Կոսովոյի պատերազմի ժամանակ ալբանացիների զանգվածային սպանության համար։

Կոսովո

Կոսովո

Հետաքննության տվյալներով՝ Սերբիայի զինված ուժերի սպաներ Պավլե Գավրիլովիչն ու Ռայկո Կոզլինա 1998-1999 թվականներին Կոսովոյի պատերազմի ժամանակ սպանել են ալբանական ծագմամբ խաղաղ բնակիչների։

Մասնավորապես, զանգվածային սպանությունը եղել է 1999 թվականի մարտին Թրնե գյուղում, որը Կոսովոյի հարավում է։ Ըստ հետաքննության՝ Գավրիլովիչը, ով գլխավորում էր գյուղի վրա գրոհը, հրամայել էր իր ստորադասներին սպանել բոլորին։ Կոզլինան և ևս մի քանի զինվորական, որոնց ինքնությունը դեռ հայտնի չէ, կատարել են հրամանը՝ սպանելով առնվազն 27 հոգու։

Թեև մեղադրանքն արդեն առաջադրված է, սակայն դատարանը մեղադրվողներին դեռ չի վերցրել կալանքի տակ։

Նշենք, որ Կոսովոյի անկախությունը մասամբ է ճանաչված։ Մասնավորապես, ներկայում Կոսովոն, որն առանձնացել է Սերբիայից, որպես անկախ պետություն են ճանաչել ՄԱԿ-ի անդամ 193 պետությունից 106-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *