Լեհաստանը ստացավ վերջին C-295 բեռնատար ինքնաթիռները

Airbus ընկերությունը Լեհաստանի պաշտպանության նախարարությանն է փոխանցել վերջին 2 միավոր C-295 բեռնատար ինքնաթիռները։ Ինքնաթիռները վայրէջք են կատարել Կրակովում տեղակայված ռազմաօդային ուժերի ռազմաբազայում նոյեմբերի 2-ին, տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

C-295. Լեհաստանի ՌՕՈւ

C-295. Լեհաստանի ՌՕՈւ

2012 թվականին կնքված պայմանագրով լեհական կողմը ձեռք էր բերել 5 միավոր C-295 բեռնատար ինքնաթիռ։ 3 միավորը ստացվել էր ավելի վաղ, իսկ մնացած 2 միավորը, ինչվեր վերը նշվեց, այս ամսվա սկզբին։

Գործարքն արժեցել է 262 մլն ամերիկյան դոլար։ Պայմանագրով նախատեսված է նաև ինքնաթիռների սպասարկումը 10 տարի ժամկետով, հատուկ վարժասարքեր և սարքավորումներ։

Ներկայում Լեհաստանի ռազմաօդային ուժերն իրենց տրամադրության տակ ունեն 17 միավոր C-295: Դրանցից 8-ը լեհերը գնել էին 2001 թվականին՝ վճարելով 212 մլն ամերիկյան դոլար։ Նույն պայմանագրով հնարավորություն էր տրվում գնել նոր ինքնաթիռներ, ինչից էլ Լեհաստանն օգտվել էր։ 2006 թվականին 52.3 մլն դոլարով և 2007 թվականին 56.8 մլն դոլարով գնվել էր ևս 4 միավոր C-295 ինքնաթիռ։

Լեհաստանի զինված ուժերը փորձում է C-295 ինքնաթիռներով փոխարինել խորհրդային Ան-2 և Ան-26 բեռնատար ինքնաթիռները, որոնք արդեն հնացած են համարվում։

Airbus C-295 բեռնատար ինքնաթիռն իր առաջին թռիչքը կատարել է 1997 թվականին, իսկ ներկայացվել է հանրությանը 4 տարի անց։

Ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչև 71 զինծառայող կամ 9.2 տոննա բեռ։ Առավելագույն արագությունը 576 կմ/ժ է, առանց լիցքավորման կարող է թռիչք կատարել շուրջ 5400 կմ։

Այս ինքնաթիռներից իրենց սպառազինությունում ունեն Իսպանիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի զինված ուժերը։ Մեկ միավորի մոտավոր արժեքն է 28 մլն ամերիկյան դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *