Սիրիայի մայրաքաղաքԴամասկոսի կենտրոնում՝ Հիջազի հրապարակում, պայթյուն է գրանցվել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 8, վիրավորվել՝ նվազագույնը 50 հոգի։ Պայթյունը եղել է Սիրիայի պետական երկաթուղային ընկերության շենքի դիմաց։
Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, դեռևս անհայտ է, թե ովքեր են պայթյունի կազմակերպիչները։
Այս պահի դրությամբ ահաբեկչական խմբավորումներից որևէ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։
Այնուհանդերձ, նշենք, որ նմանատիպ գործողությունների հետևում սովորաբար կանգնած են լինում ծայրահեղ իսլամիստական «ալ Նուսրայի ճակատ» ու «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումները։
Վերջին ամիսների ընթացքում այս խմբավորումների զինյալներն աչքի են ընկել խոշոր քաղաքների կենտրոնում մարդաշատ վայրերում մահապարտների օգնությամբ պայթյուններ իրագործելով։
Նկատենք, որ Հիջազի հրապարակը տեղակայված է Դամասկոսի հին պատմական թաղամասերի ու քաղաքի նոր վարչական կենտրոնի միջև։ Այն համարվում է ամենապաշտպանված վայրերից մեկը Դամասկոսում։