Բանգլադեշում մահապատժի են դատապարտել 152 սահմանապահի

Բանգլադեշում դատարանը մահապատժի է դատապարտել 152 հոգու, որոնք մեղադրվում են 2009 թվականին սահմանապահների՝ աշխատավարձերը բարձրացնելու պահանջի հետ կապված խռովությանը մասնակցելու համար։ Միջադեպի ժամանակ զոհվել է 74 մարդ։ Այս մասին գրում է AP լրատվական գործակալությունը։

Տեղական «Dhaka Tribune» պարբերականի տվյալներով, որն էլ հղում է անում դատախազության հայտարարությանը՝ պատժի առավելագույն չափ է պահանջվում 151 մարդու համար։ Ըստ AFP-ի՝  նրանք մեղավոր են ճանաչվել սպանության, բռնության, դավադրության համար։

Եվս 160 ամբաստանյալի դատապարտել են ցմահ ազատազրկման, իսկ 270 հոգու՝ այլ ժամկետների։

Ընդհանուր առմամաբ, դատարան էր ներկայացվել 800 մարդ, որից ընդամենը 20 հոգին էին եղել քաղաքացիական անձինք։

Նշենք, որ խռովարարների վերաբերյալ դատական գործընթացը շարունակվում է արդեն մի քանի տարի, իսկ սահմանապահների խռովության գործով ձերբակալվել է մոտ 6 հազար մարդ։

Իրավապաշտպանները դատական գործընթացին քննադատորեն են մոտենում, քանի որ, ըստ իրենց, այդպիսի մեծ քանակությամբ ամբաստանյալների առկայությամբ չի կարելի արդարություն ապահովել։ Բացի այդ, նրանք մեղադրում էին նաև կառավարությանը՝ ամբաստանյալներին բռնության ենթարկելու և վատ պայմաններում պահելու համար։

Տեղեկացնենք, որ խռովությունը եղել է 2009 թվականի փետրվարին։ Այսպես կոչված «Բանգլադեշի հրաձիգներ» սահմանապահների ջոկատները Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում գրավել էին իրենց ստորաբաժանման շտաբն ու պահանջել աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև՝ արձակուրդների տևողության երկարացում։ Նմանօրինակ անկարգություններ սկսվեցին նաև Բանգլադեշի այլ ռազմաբազաներում, որի հետևանքով զոհվեց 74 մարդ՝ 57-ը երկրի զինված ուժերի զինծառայողներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *