Սիրիայում բախումները շարունակվում են. ԱՄՆ-ն չի զինի Սիրիայի ընդդիմությանը

Սիրիայում շարունակվում են բախումները կառավարական ուժերի և ընդդիմության միջև, որը կենտրոնացած է Հոմս քաղաքում: Այս պահին Հոմսում այրվում է նավթային խողովակաշար, իսկ ընդդիմադիրների հաղորդմամբ` կառավարական ուժերը տներում ստուգումներ և ձերբակալություններ են իրականացնում:

Ամիսներ շարունակ Սիրիայում ձևավորված իրավիճակը գերտերությունների քննարկման թեմա է դարձել, իսկ իսրայելական մամուլի հրապարակման համաձայն` Մեծ Բրիտանիան զորք էր ուղարկել Սիրիա` ընդդիմությանն աջացելու նպատակով: Դրանից մեկ օր անց հայտնի դարձավ, որ Սիրիան դիմել է Իրանին` խնդրելով 15.000 հատուկ ջոկատայիններ` երկրում կարգուկանոն հաստատելու համար:

Հրապարակումների համաձայն, Սիրիայի ընդդիմությունը մեծ աջակցություն է ստանում դրսի ուժերից, իսկ, իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Սիրիային ընդդիմությանն աջակցող կենտրոններից մեկը տեղակայած է Թուրքիայում:

Այս ընթացում գերտերությունները բազմիցս քննարկեցին խաղաղապահ ուժեր Սիրիա մտցնելու հարցը, որին Սիրիան կտրականապես դեմ դուրս եկավ: Սիրիայում խաղաղապահների տեղակայմանը դեմ հանդես եկավ նաև Չինաստանը, այն համարելով Սիրիայի ներքին խնդիրը, որն էլ առաջացրեց Սպիտակ տան դժգոհությունը:

ՉԺՀ փոխնախագահ Սի Ցզինպինի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դժգոհել էր` Ասադին իշխանությունից հեռացնելու որոշման ժամանակ Չինաստանի կողմից վետոյի իրավունքը կիրառելուց:

«Չինական կողմը Սիրիայի հարցում արդարացի և չեզոք դիրք է  գրավել, որը համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնակարգին և միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքներին»,- նշել է Չինաստանի ներկայացուցիչը:

Սիրիայում տիրող իրավիճակը վտանգ էր հարուցում, որ սիրիական ընդդիմությանը հասցվող օգնությունը այս կամ այն կերպ կարող է մեծացվել: Սակայն այսօր, ԱՄՆ-ն նախագահի մամլո ծառայության ղեկավար Վիկտորյա Նուլանդը հայտարարել է. «ԱՄն իշխանությունը մտադրված չէ զենք մատակարարել Սիրիայի ընդդիմությանը, քանի որ մենք աշխատում ենք կրակի դադարեցման ուղղությամբ»:

Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան հայտարարել էր Սիրիայի իշխանության և ընդդիմության միջև միջնորդական դեր ստանձնելու պատրաստակամությամբ, որից ընդդիմությունը հրաժարվել էր: Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է համոզի Սիրիայի ընդդիմությանը` բանակցային սեղանի շուրջ նստել: Լավրովը նաև հավելել է, որ «միջազգային հանրությունը քիչ ջանք չի գործադրել Սիրիայի ընդդիմությանը հրահրելու համար, որպեսզի ընդդիմությունը հրաժարվի իշխանության հետ բանակցություններից»:

Նշենք, որ փետրվարի 26-ին Սիրիայում նախատեսված է անցկացնել Սահմանդրության հանրաքվե: Իսկ Սիրիայում տիրող անկարգությունները սկիզբ են առել շուրջ 10 ամիս առաջ, որոնց հիմնական նպատակը Ասադին իշխանությունից հեռացնելն է: Այսօր Լավրովն արդեն իսկ նշել է, որ Սիրիայում Լիբիայի սցենարի կրկնության վտանգ կա, որը պետք է թույլ չտալ: Նա նաև մեղադրել է Արաբական երկրների լիգային խաղաղապահ ուժերին դիմելու առաջարկի համար` նշելով, որ ԱԵԼ առաքելությունը պետք է ոչ թե հանդես գա խաղաղապահների տեղակայման օգտին, այլ շարունակի դիտորդական առաքելությունը, որը խնդրի լուծման առավել արդյունավետ ճանապարհ է:

Սիրիական խնդիրը շարունակում է քննարկման թեմա մնալ և վաղը` փետրվարի 16-ին, Սիրիայում տիրող իրավիճակը Վիեննայում կքննարկեն ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Պան Գի Մունը և Սերգեյ Լավրովը, որի ներկայացրած երկիրն ու Չինաստանը դեմ են Սիրիայի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուն և բազմիցս հայտարարել են, որ պետք չէ միջամտել Սիրիայի ներքին խնդիրներին:

Օգտագործվել են հրապարակումներ` ria.ru, vz.ru, itar-tass.com, vesti.ru, bbc.co.uk/russian/ կայքերից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *