Ծառայության ընթացքում հաշմանդամ դարձածների թիվը նվազել է: Զինվորին զորամասում ծեծու՞մ են. օրվա ամփոփում

Զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձածների թիվը 2008թ. սկսած նվազում է: Այսօր ՄԻՊ գրասենյակը զինծառայողին ծեծի ենթարկելու մասին բողոք է ստացել, իսկ փետրվարի 2-ին մահացած զինծառայողի գործով արդեն իսկ կալանավորված կա:

  • «2008 թ.-ից նվազում է ՀՀ սահմանները պաշտպանելիս և զինծառայության ընթացքում պատճառական կապով հաշմանդամ ճանաչվածների թիվը: 2010թ. նկատմամբ` 2011թ.-ին նկատվում է կրկնակի նվազում»,- հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանը և հավելել, որ  2011թ.-ին զինծառայությունից հաշմադամությունը կազմել է 267 մարդ, ՀՀ սահմանները պաշտպանելիս` 27 անձ:
  • Փետրվարի 2-ին հրազենային մահացու վիրավորում ստացած զինծառայող Կառլեն Բաղդասարյանի մահվան փաստով սերժանտ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քր. Օր.-ի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելը): Արթուր Զաքարյանն արդեն կալանավորված է:
  • ՄԻՊ գրասենյակն այսօր բողոք է ստացել մի կնոջից, ով նշել է, որ Ստեփանակերտի զորամասերից մեկում ծառայող իր որդին պարբերաբար ծեծի է ենթարկվում: ԼՂ-ի ՊԲ մամլո բաժնից տեղեկացրել են, որ հարցով արդեն իսկ զբաղվում են:
  • ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ ներկայացուցիչ դերծովակալ Մարկ Մոնտգոմերիին. հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հարցեր:

Միջազգային լուրերը հայկական մամուլում

  • Վրաստանը վերջերս 12 ամսյա զինծառայությունը դարձրել էր 18 ամիս, ապա կրկին իջեցրել 12-ի: Սակայն, 12 ամիսը համարվել է ոչ արդյունավետ և Վրաստանի ՊՆ-ի նախաձեռնությամբ երկարացվելու է զինծառայության ժամկետը` 12 ամսից հասցնելով 15-ի:
  • Եվրամիության պատժամիջոցներին ի պատասխան` Իրանը դադարեցրել է եվրոպական վեց երկրներին նավթի մատակարարումները: Այդ երկրների դեսպանները հրավիրվել են Իրանի ԱԳՆ: Հանդիպումից հետո Իրանի խորհրդարանի` ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի պատգամավոր Քերիմ Աբիդին ասել է, որ Եվրոպայի որոշ երկրներ Իրանին խնդրել են չշտապել իրանական նավթի արտահանման վրա արգելք դնելու հարցում:
  • Իսրայելն ու ԱՄՆ-ն փորձարկել են Block4 -Arrow-2 հակահրթիռային պաշտպանության նոր համակարգը: Փորձարկումներն իրականացվել են փետրվարի 10-ին, Միջերկրական ծովի օդային տիրույթում:
  • Աֆղանստանի արևելքում կործանվել է ՆԱՏՕ-ի անօդաչու սարքը: ԶԼՄ-ները` հղում անելով թալիբներին, հայտնել են, որ անօդաչուն խփվել է ցամաքից: Անօդաչու սարքերը ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում կիրառվում են հրթիռային հարվածների ու ռմբակոծության համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *