Թուրք-սիրիական սահմանին՝ կրկին կործանիչներ

Թուրքիան հերթական անգամ օդ է բարձրացրել ռազմաօդային ուժերի կործանիչները, երբ Սիրիայի տարածքում՝ թուրքական սահմանի մոտակայքում, սիրիական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը թռիչքներ է կատարել։

F-16. Թուրքիայի ԶՈւ

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ նոյեմբերի 3-ին Սիրիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի Սու-24 գրոհիչ ինքնաթիռը թուրք-սիրիական սահմանից շուրջ 4 կմ հեռավորության վրա՝ սիրիական Լաթաքիա շրջանում, թռիչքներ է իրականացրել։

Թուրքական կողմն Ինջիրլիք ռազմաբազայից օդ է բարձրացրել 2 միավոր F-16 կործանիչ, որոնք սահմանի մյուս կողմում թռիչքներ են իրականացրել։
Սիրիական ինքնաթիռի հեռանալուց հետո թուրքական կործանիչները վայր են իջեցվել։

Թուրքիան վերջին շրջանում հաճախ է օդ բարձրացնում իր կործանիչները, երբ սիրիական տարածքում՝ թուրքական սահմանի մոտակայքում, Սիրիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռներն ու ինքնաթիռները թռիչքներ են կատարում։ Նման մի դեպքի ժամանակ էլ թուրքական կողմը կրակ էր բացել սիրիական ուղղաթիռի վրա՝ վայր գցելով այն։
Մասնավորապես, սեպտեմբերի 16-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները հարվածել էին Սիրիայի զինված ուժերի Մի-17 բեռնատար ուղղաթիռին, որը պատահաբար հատել էր Թուրքիայի օդային տարածքը՝ թուրք-սիրիական սահմանին մոտ շրջաններում հետախուզություն իրականացնելիս։ Սիրիան հաստատել է, որ ուղղաթիռը պատահաբար է հատել Թուրքիայի տարածք, այն վերադառնում էր, երբ թուրքերը կրակ էին բացել, իսկ դրանում որևէ վտանգավոր զենք չի եղել։

Հավելենք, որ Թուրքիայի կառավարությունը Սիրիա լիարժեք ներխուժման հիմնական կողմնակիցներից է։ Սիրիական քաղաքացիական պատերազմի սկզբից պաշտոնական Անկարան համակողմանի աջակցություն է ցուցաբերում այդ երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալներին։

One response to “Թուրք-սիրիական սահմանին՝ կրկին կործանիչներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. նոյեմբերի 3-9 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *