Ադրբեջանում զինծառայողը դասալքել է ծեծի ենթարկվելու պատճառով

Հոկտեմբերի 26-ին Թովուզում արտակարգ դրություն էր հայտարարվել զինված զինծառայողի դասալքության պատճառով։ Հոկտեմբերի 28-ին դասալիքին վիրավոր հայտնաբերել էին առաջնագծում, կասկածելի պայմաններում։ Հայտնի է դարձել՝ սպան ու 5 ծառայակիցները ծեծել էին զինծառայողին, սակայն ՊՆ-ն հերքում է:

Ադրբեջանական demokratia.info լրատվակայքը հաղորդում է, որ 19-ամյա զինծառայող Ջամիլ Էլհան օղլու Հուսեյնզադեին անցորդներից մեկը հայտնաբերել է առաջնագծից ոչ հեռու ձորում ու տեղափոխել Գանձակի (Գյանջա) հոսպիտալ:

Լրատվակայքի վկայությամբ՝ զինծառայողը գիտակցության է եկել ու ասել ներկաներին, որ իրեն ծեծի են ենթարկում զորամասում, դրա համար լքել է այն:
Նույն աղբյուրի վկայությամբ՝ զինծառայողը ձորն է ընկել «մեջքին կրակոցից»:

Նկատենք, որ լրատվակայքն այնուհանդերձ չի նշում իր տեղեկության աղբյուրը: Պարզ չէ՝ արդյոք միջադեպի վկաների խոսքերով է առաջնորդվում, և ով է կրակ բացել զինծառայողի ուղղությամբ: Չի հստակեցվում նաև՝ արդյոք զինծառայողն իր հետ իրականում վերցրել է իրեն ամրակցված զենքը, ինչպես վկայում էր Աղստաֆայի շրջանի ոստիկանությունը:

Նոյեմբերի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից մեկնաբանել են այս միջադեպը՝ հերքելով, որ զինծառայողը ծեծի է ենթարկվել, որակել են դեպքը «դասալքություն», իրազեկել՝  հետաքննություն է ընթանում, սակայն որևէ խոսք չի ասվել դասալքության պատճառների մասին։ Ավելին, ըստ ՊՆ-ի՝ ապատեղեկատվություն է, որ զինծառայողին վիրավոր հայտնաբերել են հայ-ադրբեջանական սահմանին։

Հետևելով ՊՆ-ի տրամաբանությանը՝ ստացվում է՝ Ադրբեջանում մի քանի լրատվակայքեր միաժամանակ նույն ապատեղեկատվությունն են հայտնել։ Միջադեպը կասկածների տեղիք է թողնում։

Հիշեցնենք, որ Թովուզի զորամասերն ընդգրկված են Շամխորի բանակային կորպուսի կազմում: Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսն արդեն վաղուց է, ինչ տխուր համբավ ունի Ադրբեջանում։ Այն առաջատարն է զոհերի, միջադեպերի և կաշառակերության մակարդակով։ 2012-ին մեկ միջադեպի ժամանակ միանգամից 7 զինծառայողների մահը և մի քանի օր անց դեպքի միակ վկայի զոհվելը նույնպես այս կորպուսում է եղել։ Հենց այդ դեպքից հետո պաշտոնից զինվորական կոչման իջեցմամբ ազատվեց կորպուսի հրամանատար, այդ ժամանակ գեներալ-լեյտենանտ Չինգիզ Շաֆիևը։

Նկատենք նաև, որ դասալիքը Լենքորանի շրջանից է և կրում է «զադե» վերջավորությամբ ազգանունը: Դատելով նրանից, որ շրջանը թալիշաբնակ է, իսկ ազգանվան վերջավորությունը հատկանշական է թալիշների համար՝ կարող ենք եզրակացնել, որ վիրավոր զինծառայողը թալիշ է:

Ադրբեջանի ՊՆ-ն այս պահի դրությամբ փաստի առնչությամբ պաշտոնական հայտարարությամն հանդես չի եկել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *