Իրաքում հերթական պայթյունն ու ահաբեկչությունն է գրանցվել. կան զոհեր

Իրաքում մահապարտ ահաբեկիչների մի խումբ հարձակում է գործել երկրի կենտրոնական հատվածում տեղակայված Բաքուբա քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա: Կողմերի միջև փոխհրաձգություն է սկսվել:

Պայթյուն՝ Իրաքում

Պայթյուն՝ Իրաքում


Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, հղում կատարելով Իրաքի ոստիկանության և բժշկական ծառայություններից հաղորդած տվյալներին, փոխհրաձգության հետևանքով մահացել է նվազագույնը 3 ոստիկան:

Ըստ նույն աղբյուրների՝ փոխհրաձգությանը նախորդել են ահաբեկիչների կազմակերպած 3 պայթյունները:

Հիշեցնենք, որ անցած հոկտեմբեր ամիսն Իրաքի համար լի էր ահաբեկչական գործողություններով: Այն ամենաարյունալին էր վերջին 5 տարիների ընթացքում: Համաձայն երկրի կառավարության տվյալների՝ ահաբեկչությունների ու զինյալների հարձակման հետևանքով ընդամենը մեկ ամսում զոհվել է 855 խաղաղ բնակիչ, 65 ոստիկան, 44 զինծառայող: Վերջին անգամ նմանատիպ ցուցանիշներ են գրանցվել 2008-ի ապրիլին, երբ մեկ ամսում զոհվել էր հազարից ավել մարդ:

Փորձագետները նշում են, որ ահաբեկչությունների հաճախակիության բարձրացումը կապված է երկրում շիա ու սուննի մուսուլմանների խոշոր համայնքների հակամարտության թեժացման հետ: Սադամ Հուսեյնի ղեկավարման ժամանակահատվածում սուննիները զբաղեցնում էին Իրաքի գլխավոր պաշտոնները, սակայն ԱՄՆ –ի ռազմական միջամտությունից ու Հուսեյնի գահընկեց լինելուց հետո երկրի ղեկավար պաշտոնները շիաների ձեռքում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *