Ադրբեջանում փակում են զինկոմիսարիատները

Ադրբեջանում փակվում են բոլոր տեսակի զինկոմիսարիատները: Փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրին: Հրամանագրի համաձայն, զորակոչի և զորահավաքի հարցերը այժմ որոշելու է նոր պետական կառույցը, որը չի ենթարկվելու պաշտպանության նախարարությանը:

Կառույցը ղեկավարելու է Արզու Ռագիմովը, ով նախկինում ղեկավարել է Պետական միգրացիոն ծառայությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, նոր կառույցը ձևավորվելու է զինկոմիսարիատների հիման վրա: Ալիևը նոր կառույցին հանձնարարել է երկու ամսվա ընթացքում առաջարկներ պատրաստել «ծառայության կառուցվածքի, զինծառայողների ընդհանուր քանակի և ավագ սպայական կազմի պարտականությունների ցուցակի շուրջ»:

Պատգամավոր Զախիդ Օրուջը հայտնել է, որ «զինկոմիսարիատները նախկին խորհրդային հասարակարգից մնացած կառույցներ են» և շարունակել է, թե դրանցից ազատվելը հասարկության պահանջն է: Իսկ վետերանների միության ղեկավար Դաշդամիր Ալիևը հայտնել է, որ զինկոմիսարիատների համակարգը վաղուց իրեն սպառել է և թաղվել է կոռուպցիայի մեջ: Նա նաև կարծիք է հայտնել, որ նոր կառույցը ՊՆ-ի ենթակայությունից հանելը այն կդարձնի  ժամանակակից՝ համապատասխանեցնելով բարձր պահանջների:

Ադրբեջանում զինծառայությունը 18 ամիս է, իսկ զինծառայությունից ազատվում են նրանք, ովքեր առողջության պատճառով պիտանի չեն ծառայության համար կամ էլ նմաններն անցնում են այլընտրանքային ծառայություն:

Հետաքրքրականն այն է, որ ադրբեջանական ֆորումներում Ալիևի հրամանագիրն այնպիսի զարմանք է առաջացրել, որ բոլորը անընդմեջ պահանջում են որքան հնարավոր է շատ հղումներ տալ այդ թեմայով: Հատկանշական է, որ զինկոմիսարիատների փակման մասին խոսակցությունները սկիզբն են առել դեռևս 2009թ.-ից, բայց 2 տարի է պահանջվել նման հրամանագիր ստորագրելու համար: Սակայն, ինչպես երևում է Ալիևի հանձնարարությունից՝ նոր կառույցի գործառույթները դեռևս հստակեցված չեն և հայտնի չեն աշխատաձևերը:

Ադրբեջանցիներն անհանգստություն են հայտնել, որ նոր կառույցը կոռումպացվածությամբ չի զիջի զինկոմիսարիատներին, այլ պարզապես դրանց կողմից պահանջվող գումարի չափը կփոխվի: Իսկ, նույն ֆորումների գրառումների համաձայն, զինծառայությունից՝ «ծառայության համար ոչ պիտանի» բնութագրով կարելի է ազատվել 1.200 ադրբեջանական մանաթով, որը համարժեք է շուրջ 1500 ԱՄՆ դոլարին: Սակայն, դա ֆորումներում հանդիպած նվազագույն թիվն է, առավել աչքի է ընկնում 3000-4000-5000 մանաթը:

Այսօր ադրբեջանցիները հակված են կարծել, որ այդ փոփոխությունների նպատակը ոչ թե կոռուպցիան վերացնելն է, այլ ավելի մեծ գումարներ աշխատելն է, քանի որ այսօր կվերաստուգվեն նաև նախինում «ծառայութանը ոչ պիտակի» «որակվածները» և, մեծ է հավանականությունը, որ նրանք ստիպված կլինեն կամ կորած համարել նախկինում տված գումարը կամ նոր գումար վճարել՝ զինծառայությունից խուսափելու համար:

Ոմանք էլ նման փոփոխությունն այնքան անիմաստ են համարում, ինչպես «միլիցիա» անվանումը «պոլիցիայի» փոխելը, որը ոչ մի էական փոփոխության չի հանգեցրել այդ կառույցի աշխատանքում:

Ի դեպ, պետք է նշել, որ Ադրբեջանում ևս քննարկվել է զինառայությունից ազատվելու օրինական տարբերակը, երբ որոշակի գումարով հնարավոր կլիներ ազատվել պարտադիր զինծառայությունից, իսկ վճարված գումարները կուղղվեին Զինված ուժեր: Սակայն դեռևս պահպանվում է կոռուպցիոն ռիսկը և ավելի մեծ գումարով պարտադիր զինծառայությունից ազատվելու հավանականությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *